Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Մարտիրոսյան. «Այն մարդիկ, ովքեր ծեծել եւ խոշտանգել են Արտակ Նազարյանին, նրանք էլ սպանել են»

Օգոստոս 21,2012 23:26

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 21-ի նիստում, օրվա երկրորդ կեսում դատավոր Սամվել Մարդանյանը անդրադարձավ նախկինում ներկայացված միջնորդություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որը վերնագրված էր` «հաղորդում հանցագործության մասին»:  Այդ  միջնորդությունը պնդելով` իրավապաշտպանը վերստին անդրադարձավ նախաքննական մարմնի  կողմից թույլ տված, «հանցագործություններին եւ ապօրինություններին»: Նա  ասաց, որ նախաքննական  մարմինն այդպես էլ չի պարզել, թե ովքեր են ծեծել եւ խոշտանգել Արտակ Նազարյանին, նրան պատճառել ընդհանուր առմամբ 54 մարմնական վնասվածք, քննիչները չեն  պարզել, թե մահից մեկ-մեկուկես ժամ առաջ ում հետ է  ոգելից խմիչք օգտագործել Ա. Նազարյանը: Դեպքից հետո քննիչ Սարգիս Մադաթյանը  ժայռաբեկորի մոտ Արտակի արյան կամ ուղեղանյութի հետքեր չի հայտնաբերել, սակայն դրանից  8 ամիս անց գործով նոր քննիչ Լեւոն Պետրոսյանը նույն տեղում հայտնաբերել է  արնանման հետքեր: Լ. Պետրոսյանը,  սակայն , դրանք քարից չի քերել, փաթեթավորել, կնքել, ուղարկել դատաբժշկին, պարզելու համար, թե դա արյո՞ւն է, ո՞ւմ արյունն է: Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ քննիչը փոխել է գործի կարեւոր ապացույց համարվող պարկուճը, այլ պարկուճ ուղարկել դատական փորձագետին,  Արտակ Նազարյանի ինքնաձիգի վրա  առկա մատնահետքերը ոչնչացվել են,  քննիչը կեղծել է դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը: Իրավապաշտպանն ասաց, որ նախաքննական մարմինը թաքցրել է դատաբժշկի կողմից քննիչին ուղարկված Արտակ Նազարյանի հետմահու 3 լուսանկար: Ինչո՞ւ Արտակ Նազարյանի հագուստը դատաքիմիական եւ դատակենսաբանական փորձաքննության չի ենթարկվել` հարցրեց Ռ. Մարտիրոսյանը: Վերջինիս ներկայացրած  միջնորդությունը լրացրեց Ծովինար Նազարյանը, դրան միացան ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը, Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը:

Մեղադրող Հայկ Հարոյանը դեմ էր միջնորդությանը: Սակայն միջնորդության դեմ  նրա   հակափաստարկները թույլ էին եւ  անհամոզիչ : Օրինակ, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ դեպքի վայրի առաջին տեղազննության ժամանակ քննիչ Սարգիս Մադաթյանը ժայռաբեկորի մոտ արյուն չի հայտնաբերել, իսկ դեպքից 8 ամիս անց քննիչ Լեւոն Պետրոսյանը արնանման հետքեր է  տեսել, մեղադրողը դա բացատրեց Մադաթյանի ոչ փորձառու եւ Պետրոսյանի հմուտ քննիչ լինելու հանգամանքով: Նա փորձեց վիճարկել  Արտակ Նազարյանի մարմնական վնասվածքների թիվը, դրանք համարելով 7: Ի պատասխան Ռուբեն Մարտիրոսյանը  ընթերցեց դատաբժշկի եզրակացությունը` թվարկելով  Արտակ Նազարյանի  ստացած վնասվածքները: Մեղադրողը վկա Արտակ Մնացականյանի ` նույն ժամին տարբեր քննիչների մոտ առերեսման  մասնակցելու վերաբերյալ  արձանագրությունների առթիվ հայտարարեց, որ հավանաբար  քննիչների ժամացույցները լավ չեն աշխատել: Վկա Արտակ Հովհաննիսյանը դատարանում հայտարարել էր, որ դեպքի վայրի տեղազննության ժամանակ  ինքը ընթերակա չի եղել, որը սակայն առկա է գործի նյութերում: Մեղադրողն այս առթիվ հայտարարեց, որ մեր բանակի զինվորների իրավագիտակցությունը ցածր է, եւ նրանք հաճախ չեն հասկանում իրենց մասնակցությամբ  քննչական գործողությունները: Իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը դատարանին  միջնորդեց դիմել հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նախաքննության ընթացքում ապօրինություններ թույլ տված  քննիչների նկատմամբ քրեական գործ հարուցվի` պաշտոնական լիազորությունների  գերազանցման եւ պաշտոնական կեղծիքի  մեղադրանքով: Դատավորը որոշեց այդ  միջնորդությանը մերժել,այն համարելով ժամանակավրեպ,նաեւ հայտարարեց, որ  դատավճիռ կայացնելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է լրացուցիչ որոշում  ընդունել, որով պետական համապատասխան մարմնի ուշադրությունը կհրավիրի նախաքննության ընթացքում  թույլ տրված  էական խախտումների վրա: Այս գործով  դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031