Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ծիծաղելի ու զզվելի է, եթե իշխանությունները կարող են անհիմն հետապնդել Վանո Սիրադեղյանին, հետո կանչել նրան»

Օգոստոս 21,2012 22:54

«Վանո Սիրադեղյան տեսակի կարիքը այսօր հանրապետությունում շատ կա: Նա իմ հայ մարդն է, իմ հայ ազգակիցն է, մտավորական, հայտնի քաղաքական գործիչ, ո՞նց կարող է նրա կարիքը հայրենիքը չունենա: Իհարկե, նրա կարիքը ունի, եւ նա պետք է վերադառնա: Բայց պետք է վերադառնա հայրենիք, ոչ թե որջ: Սա որջ է, սա հայրենիք չի, այստեղ վերադառնա ի՞նչ անի: Հայրենիք պետք է վերադառնա սիրով, մի հայրենիք, որը սպասում է իր զավակներին, ոչ թե դարանակալած սպասում, երբ մարդը կգա՝ բռնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝  եթե ուզում եք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, ինչո՞ւ չեք միանում ֆեյսբուքյան «Ելք» խմբին, որը ստորագրահավաք է իրականացնում նրա վերադարձի համար, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Ես նման խմբերի հաճախ չեմ միանում, որովհետեւ ես իմ ասած վերջին մտքի տրամաբանությամբ են շարժվում, որ հայրենիքը պետք է սպասի իր զավակների վերադարձին, ոչ թե խմբերով, մի քանի բան ասելով: Ոչ թե սպիտակի վրա ստորագրելով մի թղթին ու անունս դնելով այդ թղթի վրա»:

ՀՀՇ անդամները կասկածում էին, որ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին այս աղմուկը իրականում բարձրացրել է իշխանությունը, եւ «Ելք» խմբի ստորագրահավաքի ետեւում էլ կանգնած է իշխանությունը, որ նրա վերադարձի իմիտացիա են ուզում ստեղծել՝ Կոնգրեսի դեմն առնելու համար: Այս առնչությամբ տիկին Թադեւոսյանը նշեց, որ ինքը ոչ կարող է հաստատել, ոչ հերքել դա, քանի դեռ չունի փաստեր. «Ես առանց փաստերի չեմ կարող խոսել: Եթե իսկապես  իշխանություններն իրենք են դա կազմակերպել, ապա ամոթ իրենց, որ իրենց զավակներին հետապնդում են անհիմն, հետո փորձում են այդպես կանչել, հետ բերել: Դա ծիծաղելի է, դա զզվելի է եւ ընդհանրապես պետք չի դա նույնիսկ քննարկել, որովհետեւ դրանով մենք վարկաբեկում ենք մեր պետությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել