Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ներկայումս ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը: Օգոստոսի 21-ին Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է գնացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից 75-ամյա մի տղամարդ, ով մուծելով ավագանու թեկնածուի համար սահմանված ընտրական 10 հազար դրամը, կամեցել է ավագանու թեկնածու առաջադրվել: Թիվ 41 ԸԸՀ-ում նրան բացատրել են, որ Վազաշեն գյուղն ընդգրկված է Տավուշի մարզի մյուս` թիվ 40 ընտրատարածքում, որի կենտրոնը Նոյեմբերյան քաղաքն է, ավագանու թեկնածուի առաջադրման փաստաթղթերը պետք է այնտեղ ներկայացնել: Վազաշենցի պապիկը խիստ զայրացել է, գոռգոռացել թիվ 41 ԸԸՀ անդամների վրա, թե ինչո՞ւ իրեն այդ մասին նախօրոք չեն զգուշացրել: Թիվ 40 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ տարեց վազաշենցին ավագանու թեկնածու առաջադրվելու համար դեռեւս իրենց չի ներկայացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ