Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 21-ին, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահագործման հանձնվեց 40 բնակելի տուն: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին զեկուցեց կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության տնօրեն Էդուարդ Միքայելյանը:
Հիշեցնենք, որ նշյալ խորհրդակցությունը հրավիրվել էր նախարար Ս. Թադևոսյանի հանձնարարականով օգոստոսի 18-ին կայացած բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, երբ Լոռու մարզի գյուղական համայնքների որոշ ղեկավարներ խնդրներ բարձրացրեցին շինարարության ընթացքի հետ կապված: Խորհրդակցությանը, որին մասնակցում էին քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, “Գլենդել Հիլզ” ընկերության ղեկավարությունը և 24 գյուղական համայնքների ղեկավարներ, համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված և առաջիկայում կառուցվող բնակելի տների շինարարության ընթացքի փաստաթղթային փաթեթներին առնչվող խնդիրները:
Քաղաքաշինության նախարարը ծրագրի հետագա ընթացքը և ավարտը ժամկետում իրականացնելու նպատակով հանձնարարեց կազմել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի, գյուղական համայնքների և կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, որոնք տասնօրյա կտրվածքով կզեկուցեն շինարարական ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ) Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում այս ծրագրի շահառու է ճանաչվել 980 ընտանիք, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 380 տուն, որոնցից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին:
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության նախարարություն