Հայաստանի գործատուների հանրապետական միությունում այսօր կայացավ կլոր սեղան, նվիրված միգրացիային և աշխատանքի պաշտպանությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության և Արհմիությունների կոնֆեդերացիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի և մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:
«Աշխատանքի պայմանները և աշխատուժի միգրացիան սերտորեն շաղկապված են: Այդ գործընթացները կառավարման ոլորտից հաճախ դուրս են մնում և դրա հիմնական պատճառը համալիր մոտեցում չցուցաբերելն է: Այսօր կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա այս երկու գործընթացների հիմքում դնի միջազգային այն չափորոշիչները, որոնք ամրագրված են ԱՄԿ –ի կոնվենցիաներով, և որոնց տակ կա նաև Հայաստանի ստորագրությունը», – «Փաստինֆո» գործակալության թղթակցին ասաց ԱՄԿ փորձագետ Նատալյա Հոֆմանը:
Ըստ նրա այդ խնդիրը միջազգային կառույցներին հետաքրքրում է ճիշտ այնքան, որքան առանձին վերցրած ցանկացած երկրի քաղաքացու և սրտացավ պաշտոնյայի: «Մարդու իրավունքների պաշտպանությունը, տղամարդ և կին միգրանտների նկատմամբ իրավահավասարության պահպանումը ԱՄԿ-ի հիմնարար և սահմանադրական գաղափարներից են», – ընդգծեց ԱՄԿ փորձագետը:
Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ միգրացիոն գործընթացների հաշվառման այն մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում, չի կարող արտահայտել իրերի իրական վիճակը: Նման խնդիրը պահանջում է ավելի լուրջ մասնագիտական մոտեցում և չի կարելի կառուցել միայն ուղևորահոսքերի վրա: Կան միգրացիոն գործընթացը դիտարկելու և նույնիսկ կառավարելու միջազգային չափանիշներ, և ժամանակն է, որ Հայաստանը նույնպես առաջնորդվի այդ չափանիշներով: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետական համապատասխան կառույցներում այդ խնդրով զբաղվող օղակները ավելի կատարելագործվեն և ընդարձակվեն:
Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ Հայաստանից մարդկանց միգրացիան ունի սեզոնային բնույթ: Նշանակետ հիմնական երկիրը Ռուսաստանն է, որն ընդունում է այլ երկրներ մեկնող հայերի 90 տոկոսին:
Դիտարկվել է, որ նրանց հիմնական մասը շինարարության ոլորտի մասնագետներ են:
«Փաստինֆո»