Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետի հետ շրջայց է կատարել քաղաքում

Օգոստոս 21,2012 19:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև այս մասով մայրաքաղաքի հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչը հանդիսացող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցուման նպատակն է թեթևացնել դեպի քաղաքի կենտրոնական հատված տանող երթևեկության հոսքերը։ Արդյունքում՝ զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը, միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկ դեպի Իսակովի պողոտա։

Ներկայում իրականացվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը։ Նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների լուծում՝  Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Մայրուղուն զուգահեռ նախատեսվում է ջրատարի, հեղեղային և կենցաղային կոյուղու, գազատարի և արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիների անցկացում։ Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ 2012թ. օգոստոսի 20-ի դրությամբ իրականացվել են շինարարական աշխատանքների շուրջ 60%-ը և հողային աշխատանքների՝ 80 %-ը։ Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ է սահմանվել 2013թ. փետրվարի 1-ը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012թ. նախատեսված ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի մասով զեկուցել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում նաև Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ավտոճանապարհի կառուցման և Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցման ուղղությամբ: Բացի այդ զեկուցվել է, որ արդեն ավարտվել են Սիլիկյան և Ծարավ Աղբյուր փողոցների վերակառուցման, ինչպես նաև Արամի և Բուզանդի փողոցների կառուցման աշխատանքները

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ շրջայցից հետո  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ճանապարհաշինական մյուս ծրագրերի ընթացքին:

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների վերակառուցվող տարածքը նախատեսված է եղել դեպի Աջափնյակ տանող մետրոպոլիտենի կայարանի համար։ Քաղաքապետին զեկուցվել է, որ նախագծով իրականացվել է թեք հորանի սկզբնամասի փակումը, թունելախորշի ժամանակավոր բետոնացում և ճակատային մասի պատի կառուցում, վերգետնյա գրունտի շերտի ստացում և ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, սիզամարգերի ստեղծում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը:

Ճանապարհի վերակառուցումը և գործարկումը կապահովի Աբելյան փողոցի երթևեկությունն ամբողջությամբ, կբեռնաթափի Հալաբյան, Շինարարներ, Էստոնական, Մարգարյան և Ֆուչիկի փողոցների ծանրաբեռնվածությունը։

Շինարարները քաղաքապետին խոստացել են աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում` 2012թ. օգոստոսի 30-ին։

Ճանապարհաշինական մյուս խոշոր ծրագիրը, որի ընթացքին ծանոթացել է Տարոն Մարգարյանը  Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվող Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ երկարությամբ ավտոճանապարհն է, որը նախատեսում է  Ռուբինյանց փողոցի Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ տրանսպորտային նոր հանգույցի ստեղծում։

Ճանապարհի և հանգույցի կառուցումը կբեռնաթափի Դավիթ Անհաղթի, Պ.Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի, Ռուբինյանց և Ուլնեցի փողոցների երթևեկությունը։

Շինարարները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի, ըստ որի ընդհանուր շինարարական աշխատանքների 50 %-ն արդեն կատարված է: Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թե ճանապարհի ողջ երկայնքով այդ պահին որ հատվածում ինչ աշխատանքներ են ընթանում: Այս ավտոճանապարհին զուգահեռ ևս նախատեսվում է ջրատարի, հեղեղային և կենցաղային կոյուղու, գազատարի և արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիների անցկացում։ Նոր ճանապարհի լայնությունը կկազմի 9 մ, երկու կողմերում կկառուցվեն նաև 1.5 մ լայնությամբ մայթեր: Ծրագրի ավարտ է սահմանվել 2012 թվականի նոյեմբեր ամիսը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զրուցելով լրագրողների հետ ընդգծել է, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույնցների ու հետիոտն անցումների կառուցմամբ ու գործարկմամբ էականորեն կբարելավվի մայրաքաղաքի երթևեկության վիճակը. «Միայն 2012թ.-ի ծրագրով Երևան քաղաքում կառուցվում է շուրջ 10 կմ նոր ճանապարհ: Այս ցուցանիշը վերջին տարիների կտրվածքով աննախադեպ է Երևանի համար: Ներդրումային ծրագիրը կազմում է 6 մլրդ դրամ: Կան ճանապարհներ, որոնք արդեն շահագործման են հանձնվել: Մասնավորապես` Ծարավ Աղբյուրի փողոցով անցնող Ավան – Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող կառուցված նոր ճանապարհը, Արամի և Բուզանդի փողոցները, մոտ ժամանակներս շահագործման կհանձնենք նաև Հալաբյան-Աբելյան խաչմերուկը, որը վերջին 30 տարիների ընթացքում փակ է եղել: Այս ճանապարհով կբեռնաթափվի Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնը, ինչն էլ հնարավորություն կտա առավել հեշտ երթևեկել: Օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեմ նաև շինարարներին, ում աշխատանքի շնորհիվ բոլոր ավարտված ծրագրերը իրականացվեցին սահմանված ժամանակացույցի համաձայն, որոշ տեղերում նույնիսկ ավելի շուտ: Վստահ եմ, որ ընթացող մյուս ծրագրերի դեպքում ևս սահմանված ժամանակացույցի խախտում չենք ունենա» – նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ այս տարի ճանապարհաշինական ծրագրերում նոր մոտեցում է ցուցաբերվել կոմունիկացիոն համակարգերի կառուցման հարցում, ըստ որի ենթակառուցվածքները հիմնականում իրականացվել են ստորգետնյա եղանակով` տեղակայվելով ճանապարհների եզրային հատվածներում.

«Մշտապես հետևել ենք շինարարական աշխատանքների ընթացքին ու թերություններ հայտնաբերելու դեպքում, շինարարն անմիջապես շտկել է դրանք: Կարող եմ վստահեցնել, որ շահագործման հանձնված բոլոր փողոցներում անհրաժետ որակն ապահովված է: Ի դեպ, շինարարներն ունեն պայմանագրային պարտավորություններ, համաձայն որի եթե սահմանված ժամկետից շուտ հիմնանորոգված կամ վերակառուցված փողոցներում  ի հայտ գան թերություններ, ապա նրանք սեփական միջոցներով են կվերացնեն դրանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով շրջայցի արդյունքները, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդհանուր առմամբ գոհ է մնացել ընթացիկ աշխատանքներից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031