«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ներկայացրեց Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ընտրություններում իր կողմից առաջադրած թեկնածուներին: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ժառանգությունը» նաև զորակցություն է հայտնում ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ «Ժառանգությունը» Գյումրիում չունի քաղաքապետի սեփական թեկնածու: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք հավատարիմ ենք մնում այն մոտեցմանը, որ ընդդիմությունը պիտի մեկ թեկնածու ունենա տեղերում: Գյումրիի պարագայում դա աշխատեց: Դաշնակցությունն առաջադրել է իր թեկնածուն, և մեր սկզբունքի համաձայն՝ որոշեցինք պաշտպանել Դաշնակցության թեկնածուին»:
Մեր մյուս հարցին՝ իսկ ի՞նչ սկզբունքներով են ընտրվել ՏԻՄ ընտրություններում «Ժառանգության» կողմից առաջադրված թեկնածուները: Ռ. Հակոբյանը նշեց. « Մենք հիմք ենք ընդունել այն, որ մարդը ճանաչված լինի, լինի հասարակության կողմից ընդունված, նորմալ կենսագրություն, բարոյական նկարագիր ունենա: Թալինում մեր թեկնածուն` Տիգրան Սարգսյանը, նման հատկանիշներով է օժտված եւ ընտրվեց: Ուստի այս առումուվ ոչ թե քանակի, այլ որակի վրա ենք ուշադրություն դարձրել»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ վերահսկողության ինչպիսի՞ մեխանիզմներ է կուսակցությունը կիրառելու ՏԻՄ ընտրություններում: Խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կիրականացվի այն, ինչ կիրառվեց ԱԺ ընտրությունների ժամանակ, այն չափով, ինչ չափով հնարավոր է իրականացնել: Ամբողջ կառույցը իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի թե′ իր թեկնածուներին, թե′ իր կողմից պաշտպանվող թեկնածուներին»:
Մեր հարցին՝ արդյո՞ք նախադրյալներ կան, որ այս ընտրությունները գոնե համեմատության մեջ արդար են անցկացվելու, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «ՏԻՄ ընտրությունները ոչ այնքան քաղաքական, որքան տեղական տարբեր գրգիռներ, էմոցիաներ ունեցող ընտրություններ են: Ավելի շատ լոկալացում, տեղական կերպավորվում, տվյալ տեղի յուրահատկություններն ունեցող ընտրություններ են: Ընտրությունը այնքանով է հնարավոր արդար անցկացնել, ինչքանով կա տեղի կլանային վերահսկողությունը: Եղել եմ մի քանի գյուղերում, որտեղ դժվար կլինի այդ մասշտաբի կեղծիքներ անել, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, գիտեն գյուղում քանի մարդ կա, քանի կատու և այլն: Ուստի ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում են հիմնականում ախպերական, կլանային յուրահատկություններով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ