Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հոկտեմբերին անակնկալներ է խոստանում

Օգոստոս 21,2012 17:42

– Պարոն Աճեմյան, մի քանի օր առաջ հանդիպել էիք վարչապետի հետ: Ըստ կառավարության հաղորդագրության, քննարկել եք Սիրիայի հայ համայնքի խնդիրը:
– Այո, պարոն վարչապետի հետ քննարկեցինք Սիրիայում այս օրերին տիրող ողբերգական իրավիճակը, ինչպես նաեւ այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցների հարցը: Այս օրերին կարեւորագույն հարց է,  որ Հայաստանի կառավարությունն աջակցի այնտեղ բնակվող հազարավոր հայերին, ինչն էլ մենք տեսնում ենք: Հատկապես գոհունակության է արժանի սիրիահայ հարյուրավոր երեխաներին մեր երկրի կառավարության աջակցությամբ Հայաստան տեղափոխելն ու ամառային ճամբարներում տեղավորելը: Մենք այցելեցինք երեխաներին, տեսանք, թե որքան ուրախ են նրանք հայրենի երկրում:
– Վերջերս ձեզ մեղադրեցին նրանում, որ դուք հանդիպել եք Հայաստանի վարչապետի հետ՝ ՍԴՀԿ ներքին խնդիրներն ու դատավարության հարցը հօգուտ ձեզ լուծելու համար:
– Այդ տիպի ցածր խոսակցություններ երբեք չէի ուզի մեկնաբանել, սակայն եթե հարցրիք՝ ասեմ: ՍԴՀԿ ներքին հարց գոյություն չունի, մենք մոր բոլոր խնդիրները լուծել ենք: Հայաստանում կա, օրինակ, ՍԴՀԿ՝ Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարությամբ: Առաջարկում եւ հորդորում եմ նաեւ բոլոր լրատվամիջոցներին՝ հաշվի առնել այս փաստը, որը նաեւ ամրագրված է Հայաստանի արդարադատության կողմից, եւ փակելով այս էջը՝ անցնել առաջ:
– Իսկ առաջիկայում Սիրիայում իրավիճակի բարդացման հետ կապված՝ այլ ծրագրեր կա՞ն:
– Հնչակյան կուսակցությունը, ինչպես եւ հայտարարել էր, պատրաստ է ամեն հարցով աջակից լինել սիրիահայ գաղութի պահպանման հարցում: Մենք վարչապետ Սարգսյանի հետ խոսեցինք Հայաստանում մեկ դպրոց՝ այստեղ ժամանակավորապես բնակվող սիրիահայ երեխաներին տրամադրելու հրատապ խնդրի մասին: Վերջինս անմիջապես արձագանքեց մեր առաջարկին, եւ մենք սկսել ենք Սփյուռքի նախարարության հետ գործնական  քննարկումներ ունենալ, եւ որոշակի քայլեր արված են, ու վստահ ենք, որ առաջիկայում նման դպրոցի հարց կլուծվի: Այնտեղ սիրիահայ երեխաները կանցնեն նույն այն ծրագիրը, որ անցնում են իրենց հայրենի դպրոցներում՝ Սիրիայի դասագրքերով, դասաժամերով: Խնդրի լուծման ամբողջ հովանավորությունը մենք կվերցնենք մեզ վրա՝ Կիլիկյան բարեսիրական միության խողովակով, որը Հալեպի Կիլիկյան հայտնի վարժարանն ավարտածների միությունն է:  Այս երկու օրը կապի մեջ ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որպեսզի դրամահավաքի պես մի բան ունենանք՝ սիրիահայ համայնքին աջակից լինելու համար: Վեհափառ հայրապետը նույնպես խոստացել է հնարավորինս բոլոր հարցերում աջակից լինել:
– Եթե անդրադառնանք ներքին քաղաքական խնդիրներին. ՍԴՀԿ-ն ինչպե՞ս է դիտարկում Հայաստանում տիրող իրավիճակը եւ որ դաշտում է իրեն պատկերացնում:
– Այս խնդրի մասին մենք առիթ ունեցանք խոսելու նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Անշուշտ, վերջին երեք տարիներին Հայաստանում կան բազմաթիվ դրական իրողություններ՝ կա բացախոսության որոշակի մթնոլորտ, քաղաքացիական հասարակություն: Սակայն այս ամենը ՍԴՀԿ-ի համար բավարար չէ: Մենք կարծում ենք, որ դեռ բավական մեծ մասշտաբների է հասնում կոռուպցիան, օլիգարխների մենաշնորհն ու ամենաթողությունը, որն, ըստ մեզ, թիվ մեկ բացասական երեւույթն է: Մենք սովոր ենք լավին լավ ասել, վատին էլ վատ: Դեռ բավական երկար ճանապարհ կա անցնելու՝ մեր բոլորիս երազած Հայաստանը տեսնելու համար: Աշխատելու դեռ հսկայական տեղ կա, բացասական հսկայական երեւույթներ, որ կարոտ են լուծման: Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ի տեղին եւ դերին, առաջիկայում՝ հոկտեմբերին, մենք Մայր հայրենիքում մեծ շուքով կնշենք մեր կուսակցության 125-ամյակը, որին հրավիրված կլինեն Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք հանգամանալից վերլուծել անցյալ տարիները, վերհանել մեր սխալները, ինչպես նաեւ խոսել առաջիկայի ծրագրերի մասին, որոնք, այսպես ասեմ, շատ-շատերի համար անակնկալ են լինելու:
– Կմանրամասնե՞ք՝ ինչ անակնկալներ:
– Մինչեւ հոկտեմբեր քիչ ժամանակ է մնացել, սպասենք մեր միջոցառմանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031