Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով տուժող կողմի միջնորդությունը մերժվեց

Օգոստոս 21,2012 17:16

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո տուժող կողմը ներկայացրել էր համապատասխան միջնորդություններ: Ուստի Aravot.am-ը Վահե Ավետյանի իրավահաջորդի (հոր) և մյուս տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ գործի քննությունը միջնորդության ներկայացումից հետո ի՞նչ ընթացք ստացավ: Լ. Հակոբյանը տեղեկացրեց. «Երեկ երեկոյան մենք հեռախոսով տեղեկացվել ենք, որ միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվել է, բայց դեռ չենք ստացել այդ որոշումը և չգիտենք՝ ինչ հիմքով են մերժել»:

Լ. Հակոբյանը փաստեց, որ ներկայացվել էր բավականին ծավալուն միջնորդություն, որտեղ ներկայացված էին նախաքննական մարմնի բացթողումները, կոպտագույն սխալները: Մեր հարցին՝ հավանական տարբերակներ իրենք ունե՞ն, թե ինչու կարող էր միջնորդությունը մերժված լինել: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում ենք անհիմն է մերժվել»:

Լ. Հակոբյանին խնդրեցինք նշել նախաքննական մարմնի այն կոպտագույն սխալները, որոնք իրենք ներկայացրել էին միջնորդությունում: Նա նշեց. « Առաջին հերթին մեղադրանքի որակումն է: Մենք գտնում ենք, որ Վահե Ավետյանի նկատմամբ կատարվածը պետք է որակվի որպես սպանություն, ոչ թե դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքների պատճառում: Անտեսվում է Ռուբեն Հայրապետյանի առնչության հարցը, քանի որ ինչպես ցույց են տալիս հեռախոսային վերծանումները՝ 6 մեղադրյալներից 5-ը այդ օրվա ընթացքում նրան ուղեկցել են Սևան և օրվա մեծ մասը միասին են անցկացրել: Այդ հարցի կապակցությամբ ոչ մի հարցադրում չի արվել: Մեղադրյալների հեռախոսային վերծանումների խնդիրը. օրինակ՝ մեղադրյալ Նորայր Հայրապետյանի ԱրմենՏել-ի հեռախոսահամարի վերծանումը չի պահանջվել և գործում չկա: Չեն պահանջվել նաև Ռ. Հայրապետյանի հեռախոսային վերծանումները, որոնք, կարծում եմ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ինֆորմացիա կարող են տալ»:

Լ. Հակոբյանը նաև հավելեց. «Միջնորդությամբ մենք պահանջում էինք վերսկսել նախաքննությունը, քանի որ կատարված քննչական գործողությունները բավարար չենք համարել, ուստի նախաքննության ավարտի մասին այստեղ խոսք գնալ չի կարող»:

Տուժողների ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հետագայում որոշումը պիտի բողոքարկեն դատախազություն, այնուհետև դատարան, ինչպես քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031