«Մարգարեն իր հայրենիքում տեղ չունի». այս հին ճշմարտությանը բախվեցինք, երբ ծանոթացանք օպերային տենոր Գեւորգ Հաճյանի հետ, որը հասցրել է հանդես գալ եվրոպաներում ու ամերիկաներում՝ իր վրա բեւեռելով երաժշտական աշխարհի հետաքրքրությունը։ Բայց արի ու տես, որ Երեւանի օպերային թատրոնում, որտեղ լավագույն տենորների կարիք միշտ էլ զգացվում է, Հաճյանը, կարծես թե, տեղ չունի։ Գուցե պատճառներից մեկն այն է, որ նա անվանի օպերային բաս Բարսեղ Թումանյանի ուսանողն ու բարեկամն է, կամ գուցե այնքան ենք «հագեցել» տաղանդավոր արվեստագետներով, որ բոլոր «թափուր» պաշտոնները զբաղվա՞ծ են։ Հայաստանում հազվադեպ, իսկ Արեւմուտքում՝ հաճախ հանդես եկող երգչի վերջին մենահամերգների շարքը սկսվել է այս տարվա փետրվարից Կանադայում, ապա ԱՄՆ-ում ու մինչեւ հունիս ձգվել եվրոպական երկրներում։
«Առավոտի» հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ գերմանաբնակ ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մտահղացմամբ, Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, 2011թ. նոյեմբերին Երեւանում մեկնարկել է համերգաշար՝ հայ եւ արտերկրի երաժիշտների մասնակցությամբ, տարածվելով արեւմտյան երկրներ։ Մինչ օրս կայացել է 25 համերգ։
Գեւորգ Հաճյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում «Քարնեգի հոլլում» կայանալիք երեկոյի առիթով։ Մի կարեւոր հանգամանք՝ որպես տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնի սրահը կտրամադրվի անվճար։ Հարցապնդմանը, թե՝ փորձեր եղե՞լ են դերերգով հանդես գալու Ազգային օպերային թատրոնում, երգիչն առանց մանրամասնելու հայտնեց հետեւյալը.«Իհարկե, փորձեր եղել են։ Կան շա՛տ խանգարիչ գործոններ… Հասկանալի պատճառով անունս զուգորդում են Բարսեղ Թումանյանի անվան հետ, ինչի համար ես շատ հպարտ եմ»։
Մեր զրուցակիցը հիշեց, որ երբ 2004թ վերջին ընտանիքով տեղափոխվում էր հայրենիք, մշտապես հորդորներ էր լսում, թե ո՞վ է հիմա Հայաստան գնում, ետ կանգնեք այդ մտքից, երկու ամսից կվերադառնաք… Սակայն արվեստագետը երկու համոզմունք ուներ՝ մեկը բարձրագույն մասնագիտական ուսում ստանալն էր, մյուսը՝ հայրենիքում հաստատվելն էր։ Մեր զրուցակցի խոսքերով՝ հայրենիք տեղափոխվելուց հետո, ինչպես եւ հայաստանցիները, ինքն էլ ապրել է թե՜ խանդավառություն, թե հիասթափություն։ «Կյանքը պայքար է, կարեւորը՝ ճիշտ ուղով ընթանաս։ Սփյուռքում այդ պայքարը հայապահպանություն անվան տակ ընդամենը փորձ է հայի կյանքը ձգելու, այլ ոչ թե հավերժացնելու, ինչը իրականացվում է տեղի մշակութային կենտրոնների եկեղեցիների շնորհիվ»,- ասաց երգիչը։
Նա հիշեց ուսումնառության 8 տարիները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Զարեհյան դպրեվանքում, Լիբանանում գործող համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջում, որտեղ 3 տարի ուսանել է խմբավարություն Հարություն Թոփիկյանի դասարանում։ Հիշեց նաեւ 1992թ. ծննդավայրում՝ Այնճարում, կոմիտասյան երգերով երկու մենահամերգները, Բեյրութում իբրեւ մեներգիչ «Գուսան», «Շնորհալի», «Կոմիտաս» երգչախմբերի հետ բեմելները։
Գեւորգ Հաճյանը պատմեց մանրամասներ Բարսեղ Թումանյանի հետ իր առաջին հանդիպումից.«Երեւանի կոնսերվատորիայում Իվան Վարդանյանի խմբավարական դասարանում ուսանելու տարիներին, երբ հայտնեցի փափագս, թե կերազեմ ստանալ նաեւ վոկալ բարձրագույն կրթություն, պրոռեկտոր Մհեր Նավոյանի խորհրդով 2005 թ. հայտնվեցի Բարսեղ Թումանյանի տանը, որը մշտապես մարդաշատ է, հատկապես՝ արվեստագետներով։ Երգեցի Նարեկացու «Հավուն-հավունը»։ Բարսեղի գնահատականը լռությունն էր։ Ներկա մարդիկ խնդրեցին, որ մի բան էլ կատարեմ։ Ներկայացրի Կոմիտասի «Քելե-քելեն»։ Կատարումից հետո անվանի երգիչն ասաց.«,ա՜ է բնության ուժը, սա՜ է բնական երգեցողությունը՝ զերծ ավելորդ միջամտություններից, եւ որ ամենակարեւորն՝ ձայնիդ մեջ մետաղյա փայլ կա…»՚։
Բարսեղ Թումանյանի մոտ շուրջ կես տարի ուսանելուց հետո՝ 2006-ին, Երեւանում կայանում է Գեւորգ Հաճյանի առաջին մենահամերգը, որին հաջորդում է Կոմիտասի 19 երգերով առաջին CD-ի թողարկումը։ Ի դեպ, արվեստագետն ասաց, որ ունի հրատարակած 4 CD, որից առաջինը Կանադայի Վանքուվերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձության հովանավորությամբ վերահրատարակվել է։ Ինչ վերաբերում է հայաստանցի հովանավորներին, մեր զրուցակիցն ասաց, որ նրանք պետք է շահագրգիռ լինեն հովանավորելու բարձրակարգ արվեստը, այլ ոչ թե անհատ արվեստագետին, փաստելով Մանթաշովի՝ ժամանակին արված բարերարությունը Կոմիտասին.«Վարդապետը եվրոպական բարձրագույն կրթություն ստացավ հօգուտ իր ժողովրդի… Հովանավորի կողմից ոչ ճիշտ հասցեով ներդրումը կարող է խաթարել հազարավոր ունկնդիրների մշակութային դաստիարակությունը։ Հովանավորության նպատակը պետք է լինի ոչ թե անձնական, այլ` հօգուտ ժողովրդի»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ