Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» դպրոցը SOS է հնչեցնում

Օգոստոս 21,2012 16:58

Բոստոնի «Էրեբունի» հայկական շաբաթօրյա դպրոցը մյուս տարի կտոնի հիմնադրման 25 տարին: 2008-ից կրթօջախը ղեկավարում է Արմինե Մանուկյան-Մեձօրյանը: Սա տարածքի միակ դպրոցն է, որտեղ դասերն արեւելահայերենով են, եւ տնօրենի խոսքով, «Էրեբունին»անգամ մրցակցում է Բոստոնի ամենօրյա հայկական 2 դպրոցների հետ, որոնցից մեկում այնքան հին նյութերով են անցնում, որոնցով ժամանակին իր ամուսինն է սովորել:

«Էրեբունին» հիմնադրել են մի խումբ իրանահայեր, հետո այն ընդլայնվել է: Արմինե Մանուկյան-Մեձօրյանը նշում է, որ երբ ինքը սովորական ուսուցչուհուց տնօրեն դարձավ, այդ տարի ընդամենը 26 երեխա էր սովորում դպրոցում, իսկ այժմ՝ 100: Դպրոցը տեղակայված է ամերիկյան կաթոլիկ եկեղեցու տարածքում եւ, որքան էլ զարմանալի է, տնօրենի ասելով, հայկական եկեղեցին անգամ վարձակալությամբ չի պատրաստվում տարածք տրամադրել «Էրեբունիին՚» ավելի շուտ՝ դրա համար մեծ գումար է պահանջում: «Տեղի հարց ունեմ, չգիտեմ՝ Հայաստանում կգտնվի՞ մի բարերար, որ կկամենա աջակցել մեր դպրոցին»,- մտահոգ է տնօրենը:
Դպրոցում սովորում են ոչ միայն զուտ հայեր, այլեւ խառն ամուսնություններից ծնված երեխաներ՝ իտալացու եւ հայի, հրեայի եւ հայի եւ այլն, նաեւ Հայաստանից, ՌԴ-ից, Ադրբեջանից ու այլ երկրներից գաղթած հայերի զավակներ:
Դպրոցում գործում է «Զանգակներ» երգչախումբը, երեխաները, բացի 3 դասաժամ հայագիտական առարկաներից, մեկ ժամ էլ երգչախմբի փորձերին են մասնակցում: Արմինե Մանուկյան-Մեձօրյանը ասում է, որ ինքը կամավորության սկզբունքով է տնօրեն, որովհետեւ այլ հիմնական աշխատանք ունի, իսկ դպրոցում մնալն ավելի շատ հայապահպանության նպատակներով է. «Դա գենետիկորեն է ինձ փոխանցվել, հայրս մանկավարժ է եղել, պատմական գիտությունների դոկտոր»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ դասագրքերով են դասերն անցկացվում: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ Սփյուռքի նախարարության ուղարկած գրքերը պիտանի չեն բոստոնյան դպրոցում «իրացնելու» համար, ուստի դասագրքեր պատվիրում է Կալիֆորնիայից. «Դրանք նախատեսված են մեկօրյա հայկական դպրոցի համար, եւ շատ հարմար են, որովհետեւ ամերիկյան տոներն էլ են մեջը: Չէ՞ որ երեխաները ամերիկահայ երեխաներ են, եւ պետք է իրենց կենցաղին համապատասան կրթություն ստանան»: Ու որպեսզի ուսուցումն ավելի հետաքրքիր լինի, ցածր դասարաններում էքսկուրսիաներ, միջոցառումներ են կազմակերպում, շեշտադրում խաղային մեթոդը: Մանուկյան-Մեձօրյանի խոսքով. «Ցավոք, Ամերիկայում հայերենի ուսուցումը բոլոր առարկաների ցուցակի ամենավերջին տեղում է՝ դաշնամուրի, ֆրանսերենի, լողի դասերից հետո: Եթե ընտանիքը չստիպի, երեխաները հաստատ հայկական դպրոց չեն ուզենա այցելել, դրա համար ջանք չենք խնայում դասերը հետաքրքիր դարձնելու նպատակով: Օրինակ ծրագրեր ենք անում halloween-ի, հայկական նոր տարվա հետ կապված, կազմակերպում պիցցայի օրեր: Ցածր դասարաններում տեսողական եւ լսողական նյութերով ենք դասերն անցկացնում, բարձր դասարաններում ավելի շատ պատմություն եւ գրականություն են անցնում, որ իմանան, թե ինչ ժառանգություն ունեն: Մեկ օրվա դպրոց ենք, բայց յոթ օրվա աշխատանք ենք անում: Ցածր դասարաններում երեխաները դպրոց գալիս լաց են լինում, որովհետեւ կապվածություն կա ծնողների հետ, իսկ բարձր դասարաններում դառնում են մի ընտանիքի նման, գերադասում են թեկուզ մի տառ պակաս սովորել, բայց տեսնվել: Ջերմությունն այստեղ շատ կարեւոր է, օտարության մեջ հայ պահելը դժվար է, սա Կալիֆորնիա չէ, Բոստոնում ավելի ամերիկանացած համայնք է»:

Տնօրենը նշում է, որ վերջին տարիներին հայերի մեծ հոսք է եղել Հայաստանից ու Ռուսաստանից, նրանք իրենց հետ բերել են որոշ սովորույթներ, որոնք բնորոշ չեն արեւմտահայերին: Նախկին ԽՍՀՄ երկրներից Բոստոն եկածներին խորթ է կամավորության զգացողությունը եւ դպրոցին ինչ-որ բանով աջակցելը, իսկ «հին» հայերի մոտ հայապահպանության բնազդն ու զգացողությունն ավելի ուժեղ են: Բայց վերջիններս էլ, ըստ Մանուկյան-Մեձօրյանի,ավելի «կարծրացած» են եւ «փակ»՝ արեւելահայերենի հանդեպ, ինչը հաճախ խնդիրներ է առաջացնում:
Դպրոցի տնօրենն ասում է, որ ներկայումս «Էրեբունու» սաները 3-16 տարեկաններ են, ունեն 10 դասարան եւ 10 ուսուցիչ, նաեւ մասնագետների են հրավիրում տեղի քոլեջներից: «Էրեբունի» դպրոցի բարձր դասարանի աշակերտները հանդիպում են համալսարանների հայկական ակումբների հետ: Ինչ վերաբերում է փոքրերին, նրանց համար, օրինակ, հրավիրվում է ազգությամբ հայ ատամնաբույժ, որը եւ հետաքրքիր ձեւով ներկայացնում է, թե ինչպես պետք է ատամները մաքրել եւ նվերներ է տալիս բալիկներին: Դպրոցի տարեկան վարձը ընդամենը 350 դոլար է, եւ ստիպված են պետքերը բավարարել հանգանակությունների կամ բարեգործական միջոցառումներից գոյացած հասույթների հաշվին: Վերջին անգամ Երեւանի Հովհ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն է այցելել դպրոց ու տոմսերի գումարից որոշ մաս բաժին հանել «Էրեբունիին», իսկ օպերային երգչուհի ծնողներից մեկը մանկական երգերի CD-ի շնորհանդեսից գոյացած գումարն է նվիրատվել: «Էրեբունին» ունի իր կայքը՝ erebunischool.org եւ ֆեյսբուքյան էջը:
Զրույցի ընթացքում տնօրենը անընդհատ նեղսրտում էր՝ գնալով դպրոցի երեխաների թիվն աճում է, իսկ ամերիկյան եկեղեցու տրամադրած տարածքը փոքր է, դրան գումարած՝ այն այնքան անկյուններ ունի, որ ընդմիջման ժամանակ անուշադիր լինելու դեպքում փոքրիկ սաները կարող են իրենց վնասել: Սրա կողքին Սուրբ երրորդությունը մեծ տարածք ունի, բայց նրա հետ «Էրեբունիի» «երկխոսությունն» առայժմ չի ստացվում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031