Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան հաշվեհարդարի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ ՀՀ ԱԺ «Ժառանգություն», ՀԱԿ և Հ.Յ. Դաշնակցություն խմբակցությունները կազմեցին 9 կետից բաղկացած հարցաշար և հուլիսի 23-ին ուղարկեցին ՀՀ դատախազություն ու ՀՀ կառավարություն: Հարցաշարում մասնավորապես հարցեր էին բարձրացվում այն մասին, թե արդյոք հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոնք դեռ հարցաքննված չեն, կամ ո՞ւմ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը և մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ և այլն:
Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Aravot.am-ին տեղեկացրեց, թե պատասխան նամակ է ուղարկվել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել էին հարցաշարի տակ: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ուստի պարոն Հակոբյանի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրենք պատասխաններ ստացե՞լ են նշված երկու գերատեսչությունների կողմից և արդյոք հարցաշարում ներկայացված հարցերի պատասխանները սպառի՞չ են: Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Հնարավորինս փորձել են պատասխանել, բայց հարցերի հիմնական մասի պատասխանի դեպքում հղում է արվում, թե գործը գտնվում է քննության փուլում, ինչը թույլ չի տալիս ավելի մանրամասնորեն պատասխանել հարցերին»:
Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ հարցաշարում ընդգրկված հարցերի պատասխանների բովանդակությանն ավելի մանրամասնորեն կանդրադառնան հարցաշարը ներկայացրած մյուս երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ քննարկումներից հետո, որոնք տեղի կունենան առաջիկայում:
Մեր այն հարցին՝ դատախազության և արդարադատության նախարարության կողմից հարցաշարի հարցերին տրված պատասխանները նոր տվյալներ պարունակո՞ւմ են, պարոն Հակոբյանն ի պատասխան նշեց. « Ըստ էության` ոչ: Ուղղակի այս դեպքում մենք ունենք իրավասու մարմինների պաշտոնական պատասխանը, ինչը մեզ անհրաժեշտ էր ունենալ մեր հետագա գործողությունների համար: Մենք ինչ- որ լուրջ բաներ չէինք կապում հարցաշարի պատասխանի հետ, ուղղակի ուզում էինք իրական վիճակն իմանալ: Որևէ նոր բան չի բացահայտվել, այսինքն այն, ինչ կար, դա է ներկայացված: Ուղղակի մի բան է, երբ ԶԼՄ-ներում է ներկայացված, այլ բան, երբ արդարադատության նախարարությունը և դատախազությունն են պաշտոնապես պատասխանում պատգամավորներին»:
Կարդացեք նաև
Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են կազմակերպել հանրային և խորհրդարանական լսումներ, ինչը կհստակեցնի մյուս երկու ուժերի հետ քննարկումներից հետո: Հետաքրքրվեցինք՝ դատախազության և արդարադատության նախարարության պատասխանները համընկնո՞ւմ էին: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Թեթև տարբերություններ կան, բայց հիմնականում համընկնում են»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նկատվո՞ւմ է նշված գերատեսչությունների կողմից «Հարսնաքարի» գործը բացահայտելու շահագրգռվածություն: Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Կդժվարանամ որևէ բան հիմա ասել, ուշադիր հետևում ենք գործին: Ուզում եմ ասել, որ սա առիթ է անդրադառնալու ամենաթողության, հազար ու մի անօրինական գործողության, սպանությունների, որը մինչև այժմ տեղի ունեցել: Սա առիթ է, որ կարողանանք հասարակության ակտիվ մասնակցության և պաշտպանության միջոցով ընդհանրապես երևույթին ամբողջությամբ անդրադառնալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ