Այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ բարձրացված աղմուկին ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց. «Ես Վանոյին շատ լավ ճանաչում եմ դեռ սովետական տարիներից: Ես ոչ թե դա համարում եմ ամենաքննարկվելիք հարցը: Ուզում է` թող վերադառնա, ես պիտի նստեմ լաց լինեմ, որ Վանոն չի՞ ուզում գա: Դուք իրա գալուց ինչ-որ մի սենց մե~ծ սպասելիքներ ունե՞ք: Դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք, երեխեք ջան, գիտե՞ք նա ինչ է արե~լ, ոնց է արե~լ այս երկրում»: Լրագրողների դիտարկմանը, որ 1-2 բան պատմեք` իմանանք` նա պատասխանեց. «Ես հո ձեր համար պատմիչ չեմ: Գնացեք ուսումնասիրեք: Վանոն այն ժամանակ դեռ որպես գրող, մենք իրար հետ շփվել ենք բավական լավ, բայց մետամորֆոզը, որ կատարվեց այդ տղայի հետ այս իշխանության գալուց հետո` լրիվ ուրիշ էր արդեն: Մինչ այդ ուրիշ մարդ էր, հետո լրիվ այլ մարդ դարձավ: Այդ հարցը նրա վերադարձի, կարծում եմ, որեւէ ակտուալություն չունի»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը Վանո Սիրադեղյանի հետ կապված միջադեպեր էր պատմում, որոնք բացահայտում էին, թե ներկայիս քաղաքական գործիչները նախկինում ինչպես են իրենց դրսեւորել, պաշտոնի համար կռիվ տվել, եւ Վանո Սիրադեղյանի վերադարձով էլ սպասվում է, որ մի շարք նոր բացահայտումներ կլինեն` Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե ուզում է Վանո Սիրադեղյանը բացահայտ ասի, թե ինչն է իր խնդիրը՝ ինքը այդ հնարավորությունն ունի: Եթե ուզում է պատմել, թե ինչ է եղել 90-ական թվականներին եւ ինչու են իրեն մեղադրում, ինչու է ինքը թողել-հեռացել երկրից, ինքը այդ բոլոր հնարավորություններն ունի, թող գրավոր ուղարկի: Գրել էլ գիտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ