Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Կենտրոնական բանկի անգամ 2 ծառը չեն հատել, շենքն են տեղափոխել

Օգոստոս 21,2012 14:35

Այս պահին Դիլիջան քաղաքի 30-ից ավելի հանգստյան տներում եւ առողջարաններում որեւէ ազատ սենյակ չկա: Այս մասին այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողներին ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Քաղաքն այս տարի ունեցել է զբոսաշրջիկների մեծ հոսք, նույնիսկ փողոցներում խցանումներ են եղել: Եթե նախորդ տարի 12 ամիսների ընթացքում է քաղաքն ընդունել 15 հազար գրանցված հանգստացող, ապա այս տարի արդեն այդքան զբոսաշրջիկ քաղաքը հյուրընկալել է:

Քաղաքապետի ներկայացմամբ, Դիլիջանում հանգստանալու են գալիս աշխարհի գրեթե բոլոր երկրներից, ընդհուպ մինչեւ Ճապոնիայից եւ Չինաստանից: Ամառվա 3 ամիսներին քաղաքում հանգստացողների 60-70 %-ն Արարատյան դաշտի բնակիչներն են, իսկ մնացած` 30-40 %-ը` արտերկրից:

Պարոն Սանթրոսյանը վստահեցրեց, որ գնային քաղաքականությունն արդեն անցած տարվանից բավականին ճկուն է եւ ցանկացած խավի հանգստացողի համար հասանելի. «Միայն գիշերավարձով սենյակներ ունենք` 3000-5000 դրամ, բնականաբար, սննդի հետ կապված այլ ծախսեր են առաջանում, իսկ առանձին քոթեջներ մինչեւ 150 հազար դրամ արժեն: Ինչ վերաբերում է խաղատներին, ապա Դիլիջան քաղաքը դուրս է ելել ծրագրից եւ քաղաքում խաղատներ չեն կառուցվի»:

Քաղաքապետի փոխանցմամբ` այժմ Պարզ Լիճ տանող ճանապարհին կառուցվում է հանգստյան մեծ տուն, ինչպես նաեւ այլ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց շնորիհիվ քաղաքում աշխատատեղեր են ստեղծվել. «Նույնիսկ Երեւան, Աբովյան քաղաքներից եւ մարզերից են գալիս Դիլիջանում աշխատելու, իսկ քաղաքի բնակիչները վերջին 3 տարում գրեթե չեն մեկնել արտագնա աշխատանքի: Մասնավոր սեկտորի կապիտալի մեծ ներդրումների շնորհիվ այսօր ունենք այնպիսի հանգստյան տներ, ինչպիսիք են, օրինակ` «Դիլիջանը»` 80 սենյակով, «Հաղարծին» ռեստորանային համալիրը` 42 սենյակով եւ բաց քոթեջով: Իսկ մեր համայնքի կողմից իրականացրել ենք ճանապարհների 42 կմ ներքաղաքային ցանց, փոխվում են ջրագծերը, դարձյալ համայքի միջոցներով կառուցվել է թանգարան-պատկերասրահ»:

Քաղաքի հիմնական խնդիրներից մեկն էլ սողանքներն են, բայց, ըստ քաղաքապետի այս տարվա փետրվարից հակասողանքային թունելներն են կառուցվելու:

Արմեն Սանթրոսյանը վստահեցրեց, որ շինարարական աշխատանքների հետեեւանքով կանաչապատ գոտիները չեն տուժում. «Դիլիջան քաղաքի անտառները գտնվում են բարձր վերահսկողության տակ, նույնիսկ Կենտրոնական Բանկի մասնաճյուղի կառուցման ժամանակ պետք է 2 ծառ հատվեր, բայց որպեսզի դա տեղի չունենար, շենքի կառուցման վայրը փոխվեց:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031