ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին այսօր նախագահական ընտրություններում խանգարող չկա: Հարցին՝ եթե ընդդիմությունը միավորվի եւ հանդես գա միասնական թեկնածուով, լուրջ մրցակցություն կլինի՞՝ նա պատասխանեց. «Այդ նույն ուժերը արհեստական հարցադրում են էլի անում: Ընդդիմության միասնական թեկնածու ժամանակին եղել է, մենք հանդես ենք եկել Ստեփան Դեմիրճյանով, «Արդարություն» դաշինքը պաշտպանել է նրան, բայց փորձը ցույց տվեց, որ հակադիր գաղափարախոսությամբ ուժերը միասնական ծրագիր իրականացնել չենք կարող: Եթե ընդդիմությունը նկատի ունի ընդհանուր պլատֆորմի հիման վրա ունենալ մեկ միասնական թեկնածու՝ դա մի բան, բայց մեկ միասնական թեկնածու, որը ընդհանուր ծրագրի տերն է եւ իրականացնողը: Բայց եթե պետք է լինի ինչ-որ մեկը, որ ասեն, լավ, մենակ թե այս իշխանությունը փոխվի, մենք դրան դեմ ենք: Խոսքը նրա մասին է, թե ինչ ծրագրի հիման վրա կձեւավորվի ընդդիմադիր դաշտը, հակառակ դեպքում համակարգային փոփոխություն չի լինի»:
Նա նաեւ վստահեցրեց, որ բոլորովին էլ պատերազմական գործողությունները չէին պատճառը, որ ՀՀՇ-ի ժամանակ Հայաստանում արտագաղթ սկսվեց. «Դա այն իրողությունն էր, որ կար այդ ժամանակ մեր պետությունում: Երբ ժոովուրդը տեսավ, թե ինչ ճանապարհով են սեփականաշնորհում համազգային ունեցվածքը, ամենաառաջին հիասթափությունը եղավ դրանից: Երբ մարդկանց տվեցին մի թուղթ, իսկ մնացածը ստացան իրական սեփականություն, դա դարձավ մարդկանց ամենագլխավոր վիրավորանքը: Երբ նրանք տեսան, որ մեկը ցրտի ու մթի մեջ են, իսկ մյուսներն իրենց համար արդեն ամեն ինչ ապահովել էին՝ այդ անարդարությունից փախան այստեղից: Այնպես որ, մի փորձեք էդ ՀՀՇ-ի հորինածը, թե իբր թե պատերազմ էր, դրա համար են գնացել: Այդ պատերազմի ժամանակ իրենք ո՞նց էին ապրում՝ շատ լավ: Վանոն հանում էր 10 հազար դոլարը, ասում էր առ գնա, Տիգրան Մանսուրյան, գնա էս քո հարցը լուծի՝ գրպանից: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է այնպես է ապրել, ոնց որ ձեր սերունդն է ապրել: Փաստերով պիտի խոսեք, պիտի հասկանաք, թե ինչ է կատարվել այս երկրում: Այդ մարդիկ չեղած տեղը, որ ոչինչ էին, եկան, միանգամից դարձան այդ հարստության տերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ