«Պոստ սկրպտում» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանը պարալիմպիկ խաղերին ինչո՞ւ է ընդամենը երկու հոգով մասնակցում եւ հանրապետությունում չկա՞ն այլ մարզիկներ, որոնք նույնպես կարող էին վարկանիշ ձեռք բերել: «Այդպիսի մարզիկներ էլի կան, հատկապես, ծանրամարտում: Բայց գաղտնիք չէ, որ վարկանիշային ուղեգրեր նվաճելը կապված է համապատասխան մրցումների մասնակցելու հետ: Իսկ դրանք լուրջ գումարներ են, որ մեր կազմակերպությունը չունի: Սակայն, ի տարբերություն նախորդ Խաղերի, այս անգամ պետությունը եւ մի քանի մասնավոր ընկերություններ ավելի շատ ուշադրություն են հատկացրել մեր ոլորտին: Կառավարությունն այս տարի ավելացրել է մեր կազմակերպության ֆինանսավորումը: Մասնավորապես, պետբյուջեից հատկացված ֆինանսավորումով Գրետան եւ մի քանի այլ ծանրորդներ Գյումրիում մարզվում են «Միջազգային կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում», իսկ Մարգարիտան արդեն քանի ամիս մարզվում է «Գրանդ սպորտ» մարզահամալիրում: Բայց մի շատ կարեւոր հանգամանք էլ կա, որն անտեսել պետք չէ: Աշխարհում Հայաստանից անհամեմատ մեծ ու ֆինանսապես հարուստ երկրներ կան, որոնք նույնպես պարալիմպիկ խաղերին մասնակցում են մեկ կամ երկու մարզիկով», – պատասխանեց Հակոբ Աբրահամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ