Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը

Օգոստոս 21,2012 13:18

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ` օգոստոսի 15-ի նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները` իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն էին ներկայացրել քրեական գործում առկա հակասությունների, դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզաբանված հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար դատարան որպես վկա հրավիրել եւ հարցաքննել նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին եւ Լեւոն Պետրոսյանին: Օգոստոսի 21-ի դատական նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն, դատարան որպես վկա կկանչվի եւ կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը: Ս. Մարդանյանն այս որոշումը պատճառաբանեց նրանով, որ Լեւոն Պետրոսյանն է ավարտել քրեական գործի վարույթը եւ նա ի վիճակի է սպառիչ պատասխանելու դատավարության մասնակիցների հարցերին:

Այնուհետեւ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, ով միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ նրան կալանքից ազատ արձակել: Պաշտպան Պողոսյանը միջնորդության մեջ նշեց, որ Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արտակ Նազարյանի մահվան դեպքից 8 ամիս անց: Վ. Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով հարեւան` «Լույս» հենակետի ավագը, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով 2010թ. հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան եկել է «Ղոզլու-12» հենակետ, Հակոբ Մանուկյանի եւ Արտակ Նազարյանի վեճի եւ կռվի ժամանակ նրանց բաժանելով հանդերձ` այդ ընթացքում հարվածներ է հասցրել Նազարյանին:

Դատաքննության ժամանակ գործով վկա զինվորները, որոնց պաշտպան Լ. Պողոսյանը կոչում է մեղադրական կողմի «պահեստային վկաներ», այդ վեճ-կռվում Վ. Հայրապետյանի դերակատարության մասին կցկտուր,հակասական ցուցմունքներ տվեցին: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը Լ. Պողոսյանի միջնորդության որոշ ձեւակերպումների հետ համաձայն չլինելով հանդերձ` միացավ միջնորդությանը:

Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանն ասաց, որ պաշտպան Պողոսյանը փորձելով արդարացնել իր պաշտպանյալին, ամբաստանյալ զինվորներին ներկայացնում է բացասական լույսի ներքո,որ իբր նրանք բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժանապատվությունը: Փաստաբան Մնացականյանը միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը թողեց դատարանի հայեցողությանը:

Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեցին, որ իրենք նախկինում էլ պնդել են, որ Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են, հարկավոր է քրեական գործ հարուցել սպանության հոդվածով: Ծովինար Նազարյանն ասաց, որ 5 ամբաստանյալներն անմեղ են, հավելելով.

-Եթե նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր մասնակից են Արտակ Նազարյանի սպանությանը, թող դատվեն:

Դատավոր Ս. Մարդանյանը պաշտպան Լեւոն Պողոսյանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031