Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշենի գողական թափթփուկներին հանգիստ կարելի է բերել դարձնել դատախազ եւ ոստիկան, դրանից ոչինչ չի փոխվի» (Տեսանյութ)

Օգոստոս 21,2012 13:10

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ քրգործի դատավարության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան ու հավաստիացրել, որ դեպքի օրը` 2011-ի հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի տեսագրությունը չի պահպանվել, քանի որ ժապավենի վրա այլ ձայնագրություն են արել, իսկ էլեկտրոնային տարբերակով էլ տեսանյութը պահում են 6 ամսից ոչ ավելի: Սակայն Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին վստահեցրեց, որ դեպքից 1-2 ամիս չանցած էլ դիմել է ոստիկանությանը` տեսագրության համար, դարձյալ չեն տրամադրել:

Նրա խոսքերով`«Այս գործն իրավական ոչ մի հիմք չունի: Այսպես ասած` ուղղակիորեն նպատակահարմարությունից ելնելով` ինչ-որ բաներ անհետացվում են: Կոնկրետ այս դեպքում պահանջել ենք ոստիկանության հենց իր նկարահանությունը` հոկտեմբերի 20-ին: Մինչ դա մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ քննիչը ինչու այդ տեսագրությունը չի պահանջել: Քննիչը դատարանում ուղղակիորեն ստել է եւ ասել, որ դա պահանջել ենք, բայց ինձ չեն տրամադրել: Քրեական գործով առկա նյութերով ակնհայտ է, որ նա ստել է, նման փաստաթուղթ գոյություն չունի, որ նա այդ ժամանակ դիմել է` այդ տեսանյութը ստանալու համար: Մեր պնդումներից հետո նա նոյեմբերի 7-ին իրոք դիմել է, ոստիկանությունից պատասխանել են, որ եթե այդպիսի նյութ լինի, ընդամենը 1 ամիս հետո մենք ձեզ կտրամադրենք: Այսինքն` ոստիկանությունն ինքն իր մեջ այդպիսի նյութ կամ չէր գտնում, կամ ուղղակիորեն սկզբից դա զլանում էր տալ:

Այնուհետեւ ես եմ մի քանի նամակներով դիմել, ընդ որում, ուղղակիորեն ոստիկաններին եւ դատախազությանը որակելով որպես գողական աշխարհի, հանցագործ աշխարհի վարքագիծ ունեցող կողմ, որ խուսափում են ապացույցներ ներկայացնելուց: Ինձ պատասխանել են, որ այդպիսի նյութ չկա, ասում են, որ չի հայտնաբերվել այստեղ տեսանյութը: Այնուհետեւ ես ուղարկել եմ ոստիկանի նկարը, որտեղ նա նկարահանում է, ինձ պատասխանել են, որ այո’, այդ օպերատորի նկարը կա, բայց չի երեւում, որ տվյալ օրը տվյալ դեպքում նա նկարահանում է կատարել: Ես ուղարկել եմ տեսագրությունը լրատվամիջոցների, որտեղ արդեն ֆիքսված է, որ տվյալ օրը տվյալ վայրում ինքը նկարահանում է անում: Ինձ ի վերջո պատասխանել են, որ դա կտրամադրվի միայն դատարանին, եթե դա պահանջվի: Հետո էլ ասում են, որ արդեն դա չեն պահպանվել: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանությունը եւ դատախազությունն իրեն պահում է` ինչպես քրեական հանցագործները: Այս իրավապահներին հանգիստ խղճով կարելի է տանել-շպրտել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում եւ այդ Նուբարաշենի գողական թափթփուկներին հանգիստ կարելի է բերել դարձնել դատախազ եւ ոստիկան, դրանից ոչինչ չի փոխվի»:

Հաջորդ դատական նիստին մեղադրող կողմը պետք է ներկայացնի մեղադրական ճառը: Մեր հարցին` կա՞ արդեն որոշակի կանխատեսում, թե մեղադրական ճառում ինչ կլինի` Վարդգես Գասպարին պատասխանեց, որ դա ընդամենը նպատակահարմարության խնդիր է. «Այնպես, ինչպես վկաները սկզբից ասում էին, որ ես հարվածել եմ արմունկով ոստիկանին, հետո ինչ-որ նպատակահարմարությունից ելնելով` հիշեցին, որ չէ, չեմ հարվածել, կարող է պատահի շարժվել եմ, արմունկս անզգուշաբար կպել է իրեն, մինչդեռ սկզբում պնդում էին, որ հարվածից ոստիկանը գլխուղեղի ցնցում է ստացել, իրեն տարել են 3-րդ կլինիկա, այնտեղից ուղարկել են «Արմենիա» բժշկական կենտրոն` ախտորոշման համար: Մենք կատարել ենք փաստաբանական հարցում այդ բուժհիմնարկներից, որ ով է բերել, երբ է բերել, ով է զննել, սակայն դրան նույնպես չեն պատասխանել, որովհետեւ ամբողջ մի պետական ապարատ աշխատում է անհատ քաղաքացու դեմ` որպես հանցագործ: Ես գտնում եմ, որ այդպիսի հանցագործություն իրոք պետք է անվանել հայց` ընդդեմ պետության, հայց` ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ այն հանցագործ իշխանության, որը մենք հանդուրժում ենք առ այսօր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031