Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Հրանտ Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կապել, իր օրոք վարկեր են վերցվել ու մսխվել»

Օգոստոս 21,2012 12:45

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որն իրենց հիմնական նպատակն այսօր արտագաղթը կասեցնելն է. «Միայն 2011-ին 45 հազար մարդ է հեռացել: Այս տեմպերով եթե շարունակենք, 5-6 տարի հետո արդեն կարելի է պատերացնել, թե ինչ է մեզ սպասվում: Այս մի ամիս է՝ բոլորը քննարկում են՝ Վանոն կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա, սա՞ է մեր ամենակարեւոր խնդիրը: Կամ ով ում է հայհոյել, Բուռնաշը սրան այսինչ ասեց, Վարդան Ղուկասյանը ինչ պատասխանեց»:

Անդրադառնալով վիճակագրական տխուր տվյալներին, Արամ Սարգսյանը նշեց, որ լուրջ խնդիրներ կան, համակարգը պետք է փոխվի, մինչդեռ ընդամենը խոսում են՝ ծնունդները քչացել են, ամուսնությունները նվազել են, աղջիկները մնացել են, տղաները գնացել են. «Մեր տնտեսագետների հաշվարկով՝ առնվազն 7-10 մլրդ դոլար հայկական կապիտալից գտնվում է ստվերում: Մենք դեռ չենք հաշվել, թե ինչքան գույք է գտնվել արտասահմանում՝ գողացված գումարներով: Հետո էլ արտասահմանցուն համոզում են, որ եկեք գումարներ ներդրեք, նրանք էլ կասեն՝ բա եղա՞վ»:

Արամ Գ. Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրվելու. «Ինչպես եղել են խորհրդարանական ընտրությունները, նույն սկզբունքներով էլ սպասելի է ՏԻՄ ընտրությունները: Ի՞նչ տարբերություն՝ ով կլինի Գյումրիի քաղաքապետը՝ Բալասանյանը՞, թե՞ ուրիշը: Ի՞նչ է, Բալասանյանը գնալու է այնտեղ երկիր կառուցի՞»:

Aravot.am-ը խնդրեց վերլուծել ներքաղաքական կյանքում ստեղծվածխ իրավիճակը. ընդդիմադիր դաշտում խմորումներ են լինում, ԲՀԿ-ն է մի ոտքով մտել ընդդիմադիր դաշտ, առջեւոմ էլ նախագահական ընտրություններ են, քննարկվող հնարավոր թեկնածուներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյան, Սերժ Սարգսյան, ո՞ւմ եք տեսնում, որպես հաղթող, լիդեր՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ տեսնում հնարավորություն, որ այդպիսի մի ալիք բարձրանա, որը ժողովրդին իրական օգուտ բերի: Ինչու են աճում արտագաղթի թվերը, որովհետեւ մարդիկ անընդհատ հուսախաբ են լինում, գալիս են հավատալով ընդդիմությանը, ոչ մի արդյունք չեն ստանում, ստիպված նորից իրենց ճամպրուկները հավաքում , մեկնում են երկրից: Այս տեսանկյունից, թվարկված մարդիկ կարծում եմ, նույն համակարգից ծնված եւ համակարգում եղած մարդիկ են, այդ համակարգն արդեն իսկ մեզ համար անընդունելի է, դրա համար մեզ համար անընդունելի է, թե նրանցից ով ավելի մեծ շանս ունի: Գործող նախագահը դեռ հնարավորություն ունի օգտվել իր հնարավոր լծակներից: Սերժ Սարգսյանին իրականում այսօր լուրջ խանգարող չկա, թվացյալ պայքար կոչվածը դա թվացյալ է, թե կա ահռելի մեծ պայքար»: Մենք ճշտեցինք՝ այսինքն Դուք ՀԱԿ-ին որպես իշխանության այլընտրանք չե՞ք տեսնում: Նա պատասխանեց՝ «Իհարկե ոչ: Իսկ ՀԱԿ կա՞, որ այլընտրանք լինի: 2-3 հոգով հավաքվել են, ՀԱԿ կա՞: ՀԴԿ-ն անընդունելի է համարել ՀՀՇ-ի գաղափարախոսությունը առաջին օրվանից: Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կապել, ներկայացնում է, թե ոնց է պետք անել, իր օրոք մեծ քանակությամբ վարկեր են վերցվել՝ այսպես կոչված ստրուկտուրային փոփոխությունների համար եւ մսխվել են, փող են վերցնում, իբր իրենք գան ասեն ինչ նախարարություն ստեղծեն, քանի բաժնով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031