Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր մտադիր է հայց ներկայացնել իրեն ձերբակալած ոստիկանի դեմ` զրպարտության, ապօրին ձերբակալության եւ ծեծի համար:
Կասպարովին ձերբակալել էին ուրբաթ օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի շենքի մոտ: Նա հազարավոր այլ մոսկվացիների հետ մասնակցում էր Pussy Riot խմբի անդամներին աջակցող հանրահավաքին:
Ոստիկանությունը պնդում է, որ երբ Կասպարովին տանում էին դեպի ավտոբուս, նա կծել է իրեն ձերբակալած ոստիկաններից մեկի ձեռքը:
Կասպարովն այս մեղադրանքն հերքում է եւ որպես ապացույց ներկայացնում է ձերբակալության տեսահոլովակը, որտեղ պարզ երեւում է, որ գոնե այդ ժամանակ նա ոչ մեկին չի կծել: Սակայն արդեն հայտնվել են վկաներ, որ պատրաստ են նրա դեմ ցուցմունքներ տալ եւ հայտարարում են, որ իրենք տեսել են, թե ինչպես է աշխարհահռչակ ընդդիմադիրը կծում ոստիկանին: