Հատված ՀՔԴՄ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից
-Ինչպե՞ս հասկանալ ընդդիմության, հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կեցվածքը, որոնք խոստանում էին սարեր շուռ տալ, բայց գրեթե անհաղորդ են ՏԻՄ ընտրական գործընթացներին։
-Իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Տեսնելով պասիվությունը, որ դրսեւորում են ընդդիմադիր քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, կարելի է փաստել, որ նրանք, նախ, չեն կարեւորում տեղական նշանակության խնդիրների բացառիկ նշանակությունը մեր կյանքի որակը բարելավելու հարցում։
Երկրորդ՝ չեն տեսնում սեփական մասնակցությունը, դերակատարումը այդ հարցերի լուծման գործում։ Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը նույնպես ներգրավված լիներ սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող այնպիսի խնդրում, ինչպիսին կյանքի որակի բարելավումն է։
Չկարեւորել դա, սեփական մասնակցությունը տեսնել միայն համապետական կարեւորության խնդիրներում, չգնահատել այս խնդիրները՝ նշանակում է չկարեւորել սեփական քաղաքական պատասխանատվությունը հանրային կյանքի կազմակերպման հարցերում։ Չի կարելի հավակնել ազդեցիկ քաղաքական ուժի դերակատարման՝ չստանձնելով պատասխանատվություն մեր առօրյա խնդիրների լուծման համար։ Ըստ էության, սա այլ բան չէ, քան մարգինալացման լուրջ սպառնալիք ցանկացած քաղաքական ուժի համար։
Ավելին՝ ՏԻՄ ընտրությունները կարող են դառնալ առաջիկա նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլ, որովհետեւ մասնակցել ՏԻՄ ձեւավորման գործընթացին՝ նշանակում է կազմակերպական առումով վերանայել սեփական շարքերը, վերաիմաստավորել կառույցների գործունեությունը։ Այսինքն՝ սա լուրջ քաղաքական կամպանիա է նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ այդ տեսակետից նույնպես կարելի է որոշակի գնահատականներ տալ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»