Բացում եք մամուլն ու կայքերը, հատկապես վերջինները ու գերակշռող են այնտեղ սպանությունը (ատամնավոր արյունոտ դանակն էլ հրավիրում է կարծես ` ինքդ էլ սպանիր), բռնաբարությունները (ինքդ էլ գուցե փորձես), ինքնասպանությունները (սա եւս վարակիչ է` գիտնականներն են ապացուցել): Հասկանո՞ւմ եք, խմբագիրներն ասում են` դա է կարդացվում, ու լցնում են, մեկը մեկից առաջ ընկնելով, ճանապարհին երբեմն չհասցնելով ճշտել, չհասցնելով մտածել` ամեն չճշտված լուրը ինչ ավեր կարող է գործել` նախ լուրի սուբյեկտի հարազատական շրջանակում, հետո հասարակության մեջ:
Թարմ օրինակներ` մարդը (Վանո Սիրադեղյանը) ստիպված էր հերքել իր մահվան լուրը, նրա երեխաների, հարազատաների, արյունակիցների տրավմայի մասին մտածելը հազարերորդ բան է երեւի: Կամ` սրտի կաթվածից մահացած Սուրեն Սիրունյանի դստեր` ինքնասպանության փորձ արած Դիանա Սիրունյանի վերաբերյալ առանց ճշտելու տեղեկության տարածմանն ի՞նչ անուն կարելի է տալ: Այս վերջինները, որոնց ոմանք ագրեսիա կարող են կոչել, մասնագիտության չհարգման դասական օրինակներ են:
Սակայն բոլոր դեպքերում միայն լրագրողներին եւ մեդիա ոլորտը մեղադրելու փորձերը նշանակում են ծառերի հետեւում անտառը չտեսնել, այն է` մեր ողջ հասարակությունում ամենատարբեր հանգամանքներով պայմանավորված հիվանդությունները չտեսնել: Լրագրողներին մի պահանջ կարելի է ներկայացնել` որ չգնան «Այդ է պահանջարկը» կարգախոսի եւ իր ապրուստը հոգալու հետեւից միայն, առանց խտրություն դնելու միջոցների մեջ, այլ, առաջիններից մեկը լինելով` լուրը ժամանակին եւ խղճով, ճշտված տալու հետ մեկտեղ` կամք ու հաստատակամություն դրսեւորեն ու սկսեն փոխել հասարակությանը, դրամ վաստակելուց առաջ սա է լրագրության կարգախոս: Իսկ սոսկ դրամ վաստակելու համար այլ մասնագիտություններ կան: Եվ գովազդատու կիսագրագետներին էլ հասկացնել, որ էս հասարակությունը իրենց բիզնեսի, այդ թվում` մեդիա բիզնեսի գերին չէ, ու չի կարելի դրամը լրատվական արկածախնդիրների եւ անգրագետների վրա ծախսել: Երբ մեր մեծահարուստները հասկանան, որ փողը պետք է ներդնել ոչ թե անգրագիտության, խժդժությունների, միմյանց դեմ կոմպրոմատներ պատվիրելու եւ այլ «սեւ» գործերի վրա, գուցե մի բան փոխվի: Իսկ առայժմ ունենք այն, ինչ ունենք: Եվ ո՛չ դատարանները, ո՛չ քարոզները, ո՛չ մեդիա կանոնների ցուցանումը չեն կարող շրջել իրերի դրությունը: Դեռ լավ է, որ դաշտում նաեւ բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան, որոնք ի վերջո մի հեղհեղուկ հավասարակշռություն ստեղծում են` իրացնում են եւ մարդկանց տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, եւ բարոյական նորմերը, խիղճը եւ մասնագիտական կանոնները չեն ոտնահարում: Իսկ այնպես` մեզ մոտ ամեն ինչ էլ կա, մանավանդ` խոսքի ազատություն:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազգ»