Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ոստիկանությունը կառավարության շենքի առաջ միջադեպի տեսագրությունը ջնջել է, որ ապացույցները ոչնչանան»

Օգոստոս 21,2012 10:37

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործով դատական նիստն էր: Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ իրեն ՀՀ ոստիկանությունից գրություն են ուղարկել, որի մեջ մասնավորապես նշված է, թե 2011-ի հոկտեմբերի 20-ին ժամը 12-00-ի սահմաններում կառավարության շենքի մոտ տեսագրությունը ոստիկանությունում չի պահպանվել, քանի որ այդ տեսաժապավենները միանգամյա օգտագործման չեն, իսկ տեսանյութերը էլեկտրոնային տարբերակով պահպանվում են 6 ամսից ոչ ավելի ժամկետով: Այս առնչությամբ Վարդգես Գասպարին հայտարարություն արեց. «Այս քրգործի ընթացքում երեւում է, որ ՀՀ իշխանությունն իր ամբողջ պետական ապարատն օգտագործում է անհատ քաղաքացու իրավունքները ոտնահարելու ուղղությամբ եւ ինքը ներկայանում է որպես հանցագործության կողմ: Ոչ թե մեղադրանք իրականացնող է ներկայանում, այլ՝ հանցագործության կողմ: Կատարված դեպքի հետ կապված ներկայացարել եմ հաղորդագրություն՝ հանցագործության մասին, որտեղ նշել եմ, որ Ալիկ Սարգսյանը եւ իր շրջապատը կատարել են խուլիգանություն, հանցագործություն: Զարուհի Փոստանջյանը նույնպես ներկայացրել էր հաղորդագրություն՝ հանցագործության մասին: Դատախազությունը այդ գործը թողել է անհետեւանք՝ պատճառաբանելով, որ նույն բովանդակությամբ քրեական գործ է քննվում, եւ դա կքննարկվի այդ շրջանակում: Հիմա ոստիկանությունը դատախազության հետ միասին հանցագործության ապացույցներից մեկը կամ անհետացրել են, կամ պատճառաբանում են, որ անհետացել են: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան ապացույցների ոչնչացում, հանցագործություն: Այդ անպատվաբեր աշխատանքը ծավալել է ՀՀ իշխանությունը՝ ի դեմս ոստիկանության, որի ներկայացուցիչն այստեղ ներկայանում է որպես մեղադրող կողմ: Դա ծայրագույն ամոթանք ՝ Հայաստանի համար: Չափազանց ամոթալի է, ես կարծում եմ, որ մարդկային բանականություն ունեցող անձնավորությունը չէր հանդուրժի այսքան ամոթանքը այսքան հանգիստ պահել»:

Դատաքննությունը համարվեց ավարտված, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, սակայն քանի որ մեղադրող կողմը դեռ իր ճառը չէր պատրաստել, դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29 -ին, ժամը՝ 16.00:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանները բերման էին ենթարկել Վ.Գասպարիին, նրան հետագայում մեղադրելով հասարակական կարգը, հասարակական հանգիստը խանգարելու եւ խուլիգանության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031