Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալի գիրքը Վենետիկում

Օգոստոս 20,2012 23:41

Օրերս Վենետիկում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսը, որը բացեց Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, երախտավոր հայագետ հայր Լևոն Զեքիյանը։ Իսկ հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանը Կա Ֆոսկարի համալսարանի և «Պո-Արաքս» մշակութային ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացների ուսուցչական և ուսանողական կազմին, ինչպես  նաև իտալահայ և ամերիկահայ համայնքների մասնակիցներին ներկայացրեց Ենոքյանի գիրքը:

Բախչինյանը անդրադարձավ ոչ միայն Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդրին և Մհեր Ենոքյանի դեպքին մասնավորապես, այլեւ խոսեց ներկայումս Հայաստանում ծավալվող քաղաքացիական շարժումների, հատկապես բնապահպանական պայքարի մասին, նշելով, որ իր՝ Հայաստանում ցմահների և Ենոքյանի գործերով հետաքրքրվելը բնապահպանական շարժմանն ընդգրկված լինելու արդյունք է եղել։ Մեկ ժամից ավելի տևած բանախոսությանը` հայերեն և անգլերեն լեզուներով, հետևեց հարց ու պատասխան։

Ներկաները, որ 14 երկրների հայ և այլազգի ներկայացուցիչներ էին, առաջին անգամ էին տեղեկանում ներկայացվող խնդիրներին։ Սփյուռքահայ ներկաները մասնավորապես նշեցին, որ սփյուռքահայությունը պետք է ակտիվորեն արձագանքի հայաստանյան քաղաքացիական շարժումներին, քանի որ բարձրացվող խնդիրները չպիտի տարանջատել։

Ներկաները` ֆրանսահայեր, իտալահայեր, ամերիկահայեր, եգիպտահայեր, ավստրիահայ, հունգարահայ, շվեյցարահայ ու մի բելգիուհի՝ պարսկա-հայկա-ֆրանսիական ծագումով` բոլորն էլ մտավորականներ ու մանկավարժներ, հանդես եկան Հայաստանի իշխանություններին ուղղված կոչով` բեկում մտցնել Ենոքյանի ճակատագրում, վերանայել քրեական գործը:

Ներկաները նաև գնեցին արդեն տասնյոթ տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալի գիրքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում գումար վճարելով, գիտակցելով, որ այդպիսով իրենց լուման են ներդնում Ենոքյանի նախաձեռնությանը՝ գրքի հասույթը փոխանցելով քաղցկեղով հիվանդ երեխաներին` «Օգնեմ» հիմնադրամին։ Հավաքվեց 300 դոլար: Ամենահուզիչը ամերիկահայ Միմի Մալայանի արածն էր. նա հայերեն ու ռուսերեն չի կարդում, բայց գնեց գիրքը՝ նվիրաբերելով  հարյուր դոլար։ «Չեմ զարմանում. նա մեր ժողովրդի հիանալի դուստրերից մեկի՝ հրապարակախոս, բարեգործ Դիանա Աբգարի ծոռնուհին է, որ եղել է աշխարհի առաջին դիվանագիտական պաշտոնի նշանակված կինը (1920-ին Հայաստանի դեսպանը Ճապոնիայում) ու բազմաթիվ գաղթական հայերի է օգնել»,-ընդգծեց Արծվի Բախչինյանը։

Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031