Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում տարեկան 2-3 թմրամոլ մահանում է գերդոզավորումից

Օգոստոս 20,2012 23:31

Թեեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական  դիսպանսերում  գրանցված է 60 թմրամոլ, այնուամենայնիվ, ինչպես նշում է դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, այդ թիվը չի արտացոլում մարզում թմրամոլության տարածվածության իրական պատկերը: Նրա դիտարկմամբ` թմրամոլներն  ավելի շատ են: «Բոլորը չէ, որ դիմում են դիսպանսեր` գիտակցելով իրենց խնդիրը:  Թմրամոլների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք»,-այսօր «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  մարզի գլխավոր հոգեբույժը:

Թմրամիջոցներից կախման մեջ գտնվողները , հատկապես քիչ թե շատ որակյալների մատչելի չլինելու հետեւանքով, տնային պայմաններում ստեղծած քիմիական միացություններով են փորձում բավարարել թմրամիջոցային քաղցը, ինչը, ըստ Գայանե Քալանթարյանի, կործանարար ազդեցություն է թողնում թմրամոլների ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա: Նրա փոխանցմամբ` դիսպանսեր առաջին անգամ մուտք գործած թմրամոլը մեծամասամբ  արդեն իսկ բազմաթիվ հիվանդություններ է ունենում: «Հաճախ ենք ունենում դեպքեր, երբ արդեն դիմում են բազմաթիվ հիվանդություններով` տարաբնույթ ինֆեկցիաներ, հիվանդություններ, օրգան-համակարգերի խանգարումներ, խանգարվում է հոգեկան աշխարհը, ունենում են հեպատիտներ, եւ մի շարք այլ ծանր հիվանդություններ, որոնք ուղեկցում են թմրամոլներին իրենց կյանքի ընթացքում»,-ասում է բժիշկը:

Հոգենյարդաբանական դիսպանսերի բժիշկ-նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանն էլ պարզաբանում է, որ թեեւ թմրանյութ օգտագործելու առաջին փորձերը սկսվում են երիտասարդ տարիքում` 18-22, այնուամենայնիվ, սզզբնական շրջանում թմրամոլները նպատակ չեն ունենում դիմելու եւ բուժվելու: «Ավելի երիտասարդ տարիքում դեռեւս չեն դիմում, ավելի հաճախ հանդիպում է 30-40 տարեկանը, իսկ ավելի ուշ տարիքում գրեթե չեն հանդիպում, չեն հասնում այդ տարիքին, մահանում են»,-ասում է նարկոլոգը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ մեծ մասամբ որպես կանոն  թմրամոլները իրենց առաջին փորձերը սկսում են արտերկրում.«Դրսում ավելի հեշտ է եղել ձեռք բերելը»:

Նարկոլոգի խոսքերով`  Վանաձորում տարեկան 2-3 թմրամոլ է մահանում գերդոզավորումից:

Խնդիրներին փոքր-ինչ լուծում տալու, թմրամոլներին օգնելու նպատակով էլ արդեն մեկ ամիս է դիսպանսերում գործում է «Մեթադոնային  փոխարինող բուժում» ծրագիրը: Մասնագետների տեղեկացմամբ` Մեթադոնը մաքուր սինթետիկ թմրանյութ է, որի կիրառմամբ թմրամոլների մոտ նախ փորձում են  մեղմել, ապա հանել կախյալությունը:

«Մեթադոնային բուժումը միտված է օգնելու այս ծանր հիվանդությամբ տառապող անձանց, տրամադրվում  է մաքուր թմրամիջոց, որպեսզի դուրս մղվի այն ոչ մաքուր եւ շատ ավելի վտանգավոր դեղամիջոցը, որը կա նրանց օրգանիզմում: Դուրս մղելով շատ վտանգավոր տոքսիկ դեղամիջոցները` մենք աստիճանաբար կհասնենք նրան, որ այս հիվանդների մոտ կփոխվի եւ հոգեկան աշխահը, տրամադրությունը, եւ կբարձրանա աշխատունակությունը, կկտրվեն իրեց վտանգավոր միջավայրից, կկարողանան ձերբազատվել քրեածին տարրերի հետ շփումից, չեն զբաղվի դեղամիջոց, թմրամիջոց հայթայթելով»,-ծրագրի արդյունավետության մասին է պատմում Գայանե Քալանթարյանը` նշելով, որ դիսպանսերում հաշվառված 60 թմրամոլից այժմ ամեն օր Մեթադոնի հաբ է ընդունում 14 հիվանդ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031