Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը մարզի 49 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Չնայած թեկնածուների առաջադրումը շարունակվում է, սակայն արդեն իսկ մի շարք համայնքներում նշմարվում է թեժ մրցակցություն: ՀՀԿ–ի կողմից Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Սանթրոսյանը: Ինքնառաջադրումով Դիլիջանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, անկուսակցական, 1978թ. ծնված Գուրգեն Հարությունյանը: Հավանական է, որ առաջիկայում կառաջադրվեն Դիլիջանի քաղաքապետի եւս 2 թեկնածուներ: Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը եւ էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը: Բերդում հանրապետական երկու թեկնածուների միջեւ մրցակցությունը թեժ է լինելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ