Քաջարան քաղաքի երեխաները տարիներ ի վեր ճամբարներում հանգստանալու հնարավորություն չունեն: Կապանի տարածաշրջանում մոտ 6 ճամբար կա, որոնք չեն գործում, իսկ քաջարանցի երեխաները ստիպված են լինում այլ մարզերի ճամբարներում հանգստանալ: Սակայն դրսում հանգստացող երեխաների թիվը մեծ չէ: Այս տարի ընդամենը 5 երեխա է մեկնել Հանքավանի ճամբարում ամառային հանգիստը կազմակերպելու, քաղաքի մնացած երեխաները ստիպված ամառային արձակուրդը Քաջարանում են անցկացնում:
Քաջարանի քաղաքապետարանն այդ երեխաների առաօրյան հետաքրքիր դարձնելու համար փորձել է բացը լրացնել` բակային ճամբար կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալով: Այս ամառ Քաջարանի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում անցկացվեց «Բակային ճամբար 2012» ծրագիրը, որի հանդիսավոր փակումն արվեց երեկ` մեծ ճաշկերույթով ու տոնական հրավառությամբ: Ճամբարն անցկացվեց 2 հերթափոխով` 13 եւ 15 օր տեւողությամբ , որին ըդհանուր մասնակցել է 8-12 տարեկան 400 երեխա` ինչպես Քաջարան քաղաքից, այնպես էլ` Կապանից եւ այլ վայրերից Քաջարան հանգստանալու եկած երեխաներ:
6-րդ դասարան փոխադրված քաջարանցի Ինգան առաջին անգամ է մասնակցում բակային ճամբարին, ասում է, որ շատ հետաքրքիր էր, օրը հագեցած էր, բայց ավելի շատ լողավազանում լողալու պահն էր սիրում: «Եռագույն» եւ «Եռագույն հերոսներ» 2 ճամբարների մասնակիցները օրական սնվում էին 3 անգամ, տարածաշրջանի տեսարժան, պատմամշակութային վայրեր այցելում, «Սոսու պուրակ» արգելավայրում են եղել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերով շրջել, մասնակցել իրենց համար ռազմահայրենասիրական, բնապահպանական դաստիարակության դասերին, ճամբարականների համար տեղադրված երկու մեծ լողավազաններում լողալ են սովորել: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը նշում է, որ բակային ճամբար կազմակերպելու անհրաժեշտությունը զգացվում էր քաղաքում, ներկայումս քայլեր են ձեռնարկվում Կապանի տարածաշրջանի ամառային ճամբարները վերագործարկելու ուղղությամբ, որին աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն: «Մեր երեխաները ստիպված են լինում մեկնել Հանքավան հանգստանալու, այնինչ կարող են մեր տարածաշրջանի ճամբարներում հանգստանալ, որոնք ամառային հանգստի համար ավելի լավ գոտիներ են: Կարծում եմ, եկող տարվանից բակային ճամբարների փոխարեն կգործեն իսկական ամառային ճամբարներ: «Բակային ճամբար 2012» ծրագրի իրականացման վրա ծախսվել է 16 մլն դրամ, որը տրամադրել է «Զանգեզուրի պղնձոմլիբդենային կոմբինատ» ՓԲԸ», – նշում է Քաջարանի քաղաքապետը:
Կարդացեք նաև
Քաջարանում մտադիր են դպրոցական յուրաքանչյուր արձակուրդի ժամանակ նմանատիպ ծրագրեր իրականացնել` երեխաների հանգստի կազմակերպման համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ