«Եթե քաղաքական դաշտում արդեն երեւացող մի քաղաքական անձ լիներ, որ կարող էր հավակնել լիդերության, ես կփորձեի կիսել, հասկանալ իմ գործընկերոջը: Բայց ես չեմ տեսնում այդպիսի քաղաքական անձի, ում շուրջ մարդիկ կհավաքվեն: Որեւէ մեկը դա չի տեսնում: Չկա քաղաքական դաշտում մի հզոր քաղաքական գործիչ, ով կարող է ձեռքի մի շարժումով, մի արտահայտությամբ, մի խոսքով իր հետեիւց մարդիկ տանել: Այդ մեկը կա` մենք նրա կողքին ենք: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրոյցում այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը մեր հարցին` կիսո՞ւմ եք Սոս Գիմիշյանի այն տեսակետը, որ ՀԱԿ-ին նոր լիդերներ են պետք:
ՀԱԿ անդամ, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը hayeli.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կոնգրեսը մարտավարությունը ճիշտ չի ընտրել, դրա համար էլ ՀԱԿ-ը լքում են: Ըստ նրա, ՀԱԿ-ը պետք է նոր անձեր, նոր լիդերներ ունենա, որ նորից ժողովրդի վստահությունը ՀԱԿ-ի նկատմամբ վերականգնվի:
Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում կա հիասթափություն, հուսահատություն` ժողովրդի կողմից` Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Հիասթափություն ամուսինների մեջ էլ է լինում, քույր ու եղբայրների մեջ էլ է լինում: Հիասթափությունն այնպիսի բան է, որ ցանկացած մարդ իր պրիզմայով է դիտարկում յուրաքանչյուր հարցի, յուրաքանչյուր պրոբլեմի լուծում: Ի՞նչ է ստացվում` եթե մենք երկուսով իրար հետ նույն բանը չենք մտածում, պարզ է, ես պիտի հիասթափվեմ, կամ դու պիտի հիասթափվես, ի՞նչ կա դրանում: Այսօր հիասթափվում են, բայց մեծ հաշվով վաղը, երբ գա շատ կարեւոր խնդրի լուծում, մի կարեւոր խնդիր ունենք մենք լուծելու` հայրենիքի փրկության խնդիրը, եթե ոչ մի բան էլ չլինի, հեչ որ չէ` հայրենիքի փրկության խնդիրը, դա քոնն է, այդ խնդրի շուրջ կհամախմբվեն»:
Մենք հետաքրքրվեցինք` երբ Կոնգրեսի առաջնային դեմքերն են արդեն լքում ՀԱԿ-ը, դա լուրջ հիասթափության առիթ արդեն չի՞ կարող դառնալ: Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Լուրջ հակասության խնդիր է եղել, մարդիկ միմյանց հետ լուրջ հակասություն են ունեցել այս կամ այն քաղաքական խնդրի լուծման հարցում: Ես չեմ հիասթափվում, ես հասկանում եմ, ես դրան նայում եմ` որպես սովորական երեւույթի: Ընտանիքի ամենասիրված տղան կարող է վերցնել իր ընտանիքն ու բաժանվել ծնողներից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` Դուք կոնկրետ որեւէ տարաձայնություն չունե՞ք Կոնգրեսի հետ որեւէ հարցում` ԲՀԿ-ի հետ կապված կլինի, թե այլ խնդրի շուրջ` տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Տարաձայնություն չլինի՞: Ի՞նչ եք կարծում, մտածող մարդկանց մեջ տարաձայնություն չի՞ կարող լինել: Տարաձայնություն մենակ նախիրում չի կարող լինել: Մնացած ինտելեկտուալ, մտածող մարդկանց միջեւ, ովքեր չեն կիսում շահ, նրանց մեջ անընդհատ տարաձայնություն կարող է լինել: Երբ որ շահերն են մարդկանց միավորում, նրանք դառնում են արդեն մաֆիոզ խումբ: Այ նրանց մեջ տարաձայնություններ չեն լինում: Եթե լինում են` մի օր մի տեղ մի դիակ են գտնում: Ես ավելի ընդունելի եմ համարում այդ տարաձայնություններն ու բախումները: Ես շատ ուրախ եմ, որ, ասենք, ՀԱԿ-ում անընդհատ խոսվում էր ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին: Ի՞նչ կա դրանում: Ես որպես Դավիթ Շահնազարյան, չեմ վերանում քաղաքական դաշտում, բայց այս պահին այս տեսակետը չընդունելով` նա դեռ ՀՀՇ անդամ է, նա դեռ կա ՀԱԿ-ում, բայց ՀԱԿ-ից դուրս է գալիս` կարծես թե այդ ընդունած որոշումը բողոքարկելու նկատառումով: Մենք մի ընդհանուր ճանապարհ անցած թիմ ենք, թիմ, որին չի միավորել շահը: Մենք շահով միավորված չենք, գաղափարական եւ շատ կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր լուծումների մեջ միավորվող քաղաքական թիմ ենք: Միայն տեսակետների բախումը կարող է այդպիսի արդյունքների հանգեցնել, բայց ոչ երբեք շահը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ