Օգոստոսի 17-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է կայանար Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Հրանուշ Ներկարարյանը ներկայացել էր դատին, սակայն չէր ներկայացել գործով մեղադրող, զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը, ով ներկայումս գտնվում է արձակուրդում: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 6-ին:
Այս դատավարությանը անհամբերությամբ են սպասում բազմաթիվ իջեւանցիներ, ովքեր տուժել են այդ կնոջ գործողություններից: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16 հոգի են, Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ: Բացի այդ, նա քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել:
Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետը յուրացրել է զինվորական հաշմանդամ Բագրատ Նազինյանի 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ:
Նշենք, որ Հրանուշի ամուսինը`Ռադիկ Պապյանը նախկինում եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը Իջեւանի տարածաշրջանում: Ներկայումս Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռադիկ Պապյանի դատը: Համաձայն մեղադրական եզրակացության` փաստաբան Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ Բերդ քաղաքում բնակարանային գողություն կատարած Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից պահանջել է 8 հազար դոլար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Սերժիկ Քոսակյանից ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվել է վճարել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ