Այսօր Aravot.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կմեկնաբանի իրենց կուսակցության շուրջ վերջին լուրերը, ըստ որի «Հանրապետություն» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որ իր եւ Սմբատ Այվազյանը հակասությունների մեջ են, որ վերջինս պատրաստվում է խումբ հավաքել ու դուրս գալ «Հանրապետությունից» եւ որ Կոնգրեսից դուրս գալու որոշումը Արամ Սարգսյանը միանձնյա է ընդունել: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը հայտարարություն ունի` ՀԱԿ-ից դուրս գալու մասով: Այդ առումով այդ հայտարարությունն ընդունվել է միաձայն: Ինչ վերաբերում է Սմբատ Այվազյանին, մեկնաբանելու որեւէ խնդիր չունեմ, հարգում եմ իր որոշումը: Ինքը որոշել է հասարակական գործունեությամբ զբաղվել, թող զբաղվի, ի՞նչ խնդիր կա այստեղ: Մնացածը բամբասանքներ են, բամբասանքների էլ չեմ պատասխանում»:
Մենք ճշտեցինք` այնուամենայնիվ, Ձեր եւ Սմբատ Այվազյանի միջեւ հիմա տարաձայնություններ կա՞ն` ՀԱԿ-ից դուրս գալու որոշման շուրջ` Արամ Զավենիչը պատասխանեց. «ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը տպված կա: Այդ որոշումն ընդունվել է միաձայն»:
Պարոն Սարգսյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել իր եղբոր` Արմեն Զ. Սարգսյանի հարցազրույցը, ըստ որի, ինքը 2008-ի նախագահական ընտրություների ժամանակ եթե կալանավորված չլիներ, կլիներ Սերժ Սարգսյանի կողքին, որ Ս. Սարգսյանը միշտ էլ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել իրենց ընտանիքի հետ եւ այլն: Ի պատասխան` Արամ Սարգսյանն ասաց. «Ես հարցազրույց չեմ տալիս: Առավել եւս` այդ կարգի թեմաներով: Բամբասանքներին պատասխանելու խնդիր չունեմ: Գիտեք ինչ, ես քաղաքական գործունեություն ծավալող մարդ եմ, պատասխանատու եմ «Հանրապետություն» կուսակցության գործունեության համար, եւ այդ առումով պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, մնացած առումներով պատասխանելու խնդիր չունեմ: Պարտադիր չի, որ բոլորի տեսակետները իմ տեսակետների հետ համընկնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ