Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 40 օր առաջ իշխանությունները հերթական մարտահրավերն են նետում վրացական ընդդիմությանը:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական Երազանք» դաշինքին մաս կազմող վեց կուսակցություններից չորսի բանկային հաշվեհամարները ժամանակավորապես արգելափակվել են: Պատճառը դեռ հունիս ամսին դատարանի կողմից սահմանված տուգանքն է: Ընդդիմությանը մեղադրում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու մեջ: Վրաց իրավապահները պնդում են, որ ընդդիմադիր կուսակցությունները անօրինական նվիրատվություններ են ստացել Իվանիշվիլիին պատկանող ընկերություններից մեկից:
Ինչպես Civil.Ge գործակալությանը տեղեկացրել է «Վրացական Երազանք» դաշինքի անդամ Նոդար Խադուրին, վերջին օրերին կուսակցությունների հաշվեհամարներից արդեն իսկ առգրավվել է շուրջ 100 հազար լարի` փոխանցվելով պետական բյուջե: Փաստորեն ընտրությունների հաշված շաբաթներ առաջ Վրաստանի ամենահարուստ բնակչի ղեկավարած քաղաքական ուժը բախվում է ֆինանսական լուրջ խոչընդոտների:
Դա, սակայն, չխանգարեց վրացական ընդդիմության երկրի խոշորագույն քաղաքներից մեկում` Ռուսթավիում, կիրակի օրը հուժկու բողոքի ակցիա կազմակերպել, որին անկախ վերլուծաբանների գնահատականների համաձայն, 20 հազար մարդ է մասնակցել: Դիմելով իր կողմնակիցներին` Իվանիշվիլին կոչ արեց ակտիվորեն մասնակցել հոկտեմբերի 1-ի ընտրություններին:
Կարդացեք նաև
«Քվեարկության օրը հենց այն օրն է, երբ ողջ իշխանությունը գտնվում է ժողովրդի ձեռքում: Ես կոչ են անում ձեզ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Մեր քաղաքական ուժը հստակ մեխանիզմներ է մշակել, որոն թույլ կտան կանխել ընտրակեղծարարության դեպքերը: Մեր շտաբ տեղյակ է, թե ովքեր են փորձելու իրականցնել այդ կեղծիքները, եւ մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ի վերջո պատասխան են տալու օրենքի առջեւ», – հայտարարել է Իվանիշվիլին:
Վրացական ընդդիմության առաջնորդը նաեւ կոչ է արել նախագահ Սաակաշվիլիին ընտրություններից առաջ ուղիղ եթերում հեռուստաբանավեճ կազմակերպել:
«Եթե Սաակաշվիլին չկարողանա մասնակցել այդ բանավեճին, ես պատրաստ եմ հեռուստեթերում միայնակ, դեմ առ դեմ բանավիճել իշխանությունների, կառավարության հինգ կամ նույնիսկ յոթ ներկայացուցիչների հետ», – լրագրողների հետ զրույցում ասել է Իվանիշվիլին:
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան