«Եթե մի քանի տարի առաջ մենք նշում էինք, որ որսագողությունը վերացնելու դեպքում սիգի պաշարները 3-5 տարում ինքնիրեն կվերականգնվեն, ապա, հիմա արդեն դա հնարավոր չէ»: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Բանախոսի վստահեցմաբ, այն դրությունը, որում գտնվում են Սեւանի ջրային ռեսուրսները, պատմության ընթացքում երբեք չի եղել. «Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ բնապահպանները գոռում են`«ՍՕՍ Սեւան», դա առաջին հերթին պետք է վերաբերվի ջրային պաշարներին, ջրի որակին: Ձկնատեսակներից մենք այսօր չունենք ոչ մի արդյունագործական հիմնային պաշար, թերեւս միայն կարասի կամ լճածածանի պաշարներն են, այդ էլ մենք դիտում ենք լճի համար ոչ ցանկալի տեսակ: Այդ պատճառով էլ մենք հիմա առաջարկ ենք ներկայացրել, որ սիգը ներմուծվի Ռուսաստանից, ինչպես դա կատարվել է անցյալ դարի 20-30-ական թվականներին: Միայն այդ ճանապարհով կկարողանանք վերականգնել նախ սիգի պոպուլիացիան, հետո էլ` արդյունագործական պաշարները»:
Ըստ պարոն Գաբրիելյանի, հատկապես վերջին 4-5 տարում սիգի վիճակը շատ վատ է, եւ չնայած բնապահպանության նախարարության կողմից հաստատված ծրագրով մանրաձուկ է բաց թողնվում լիճ եւ այդ առաջին բաց թողնված ձկները հասունացել են եւ պատրաստ են լողալու գետերը` ձվադրման, սակայն ձկնագողերը դրանց որսում են. «Ստացվում է, որ պետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում այդ ձկնիկները մասնավոր ֆերմաներից գնելու, բայց օգտվում են ձկագողերը: Նույնիսկ այսօր իրագործվող ծրագրերը, որոնք ուղղված են պոպուլիացիան վերականգնելուն, չեն ծառայի նպատակին, եթե վերահսկողություն չսահմանվի: Այսօր ինչ մնացորդ կա լճում, այդ էլ են հանում: Պետք է աշխատի ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլեւ` ոստիկանությունը, Ազգային Պարկը, մարզպետարանը, անգամ քաղաքի շուկաներում ոստիկանները պետք է վերահսկողություն սահմանեն եւ արգելեն սիգի վաճառքը: Համալիր մոտեցում է պետք, այլապես այդկերպ` կտոր-կտոր պետությունը իզուր գումարներ է ծախսում:
Պարոն Գաբրիելյանը խոսելով էնդեմիկ համարվող իշխանի մասին, հիշեցրեց, որ իշխանն էլ դեռ անցած դարի 70-ականներին արգելված տեսակ էր, 76 թ.-ից արգելվել է նրա արդյունագործական որսը, իսկ 78.թ-ից նախ` Հայաստանի, այնուհետեւ նաեւ ԽՍՀՄ «Կարմիր գրքի» մեջ է մտցվել` որպես անհետացող տեսակ:
Կարդացեք նաև
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ