«Սպորտային հաջողությունը շատ կարեւոր պայման է: Ամեն ինչ էլ կարող է պատահել` հաջողություն էլ, հակառակն էլ: Առանց վերլուծելու անհաջողության համար մեղադրելը ճիշտ չէ: Պատկերացրեք` մարզիկը օլիմպիական չորս տարվա ցիկլը լրիվ անցել է, մարզվել ու լավ մարզավիճակում է: Բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ վնասվածք է ստանում ու իր իրական կարողությամբ չի կարողանում հանդես գալ: Դա ցավալի է ու նման դեպքեր շատ է պատահում: Եվ ոչ միայն մեր մարզաձեւում: Ինչպե՞ս կարելի է նման դեպքում ասել, թե նախապատրաստության գործընթացը ձախողված է եղել, կամ, եթե մարզիկը պատրաստ չէր, թող չմեկներ: Դա մարզիկը, մարզիչներն ու մասնագետները կհասկանան:
Օրինակ, Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական մեկնարկից մոտ երկու ամիս առաջ վնասվածք ստացավ: Բայց հասցրեց վերականգնվել: Իսկ եթե չհասցներ ու Խաղերում սայթաքեր, ոչ մեկդ չէիք հասկանա, թե ինչու այդպես եղավ:
Կամ Արթուր Ալեքսանյանը: Նա 2-րդ գոտեմարտում լուրջ վնասվածք ստացավ: Եթե նա կամային որակներ չունենար ու ցավը զսպելով չկարողանար իր ողջ ներուժը հետագա գոտեմարտերում դնել, էլի այլ կերպ էր մեկնաբանվելու: Հավատացեք, դա ամեն մարդու տրված չի եւ ամեն անգամ չէ, որ ստացվում է: Ինչպե՞ս կարելի է ասել, թե նախապատրաստությունը լավ կամ ճիշտ չի կազմակերպվել, կամ մարզիկը մեկնել է անպատրաստ», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոնք ակնարկում էին մյուս մարզաձեւերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ