Երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot խմբի անդամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներում չեն հայցի:
Փաստաբան Նիկոլայ Պոզլովը «Ֆրանս պրես»-ին ասել է` «թող գրողի ծոցը գնան իրենց ներումով»:
Պոզլովը նաեւ ասել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը:
Ուրբաթ օրը մոսկովյան դատարանը փանկ ռոք խմբի անդամներին մեղավոր ճանաչեց «կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության» համար: Խմբի անդամները, հիշեցնենք, ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը կատարելու համար:
«Ազատություն» ռադիոկայան