Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված 10-րդ հոբելյանական «Բազե» երիտասարդական հավաքն ավարտվեց: Օգոստոսի 13-19-ը «Բազե» հավաքի մասնակիցները, համախմբված ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը չափեցին մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում: Ուստի Aravot.am-ը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին խնդրեց ամփոփել «Բազե-2012»-ի արդյունքները: Պարոն Ավագյանը նշեց. « Բազեն սպասված, սիրված երիտասարդական ծրագիր է, արդար պայքարի և մրցակցության լավ հարթակ, իսկ ազատ, արդար պայքարը մեր ճակատագիրն է: Այն այս տասը տարիների ընթացքում իր արդիականությունը չի կորցրել: Բազեն 10 տարի կարողացել է իր ուրույն տեղը գրավել»:
Բազեականների հավաքի ընթացքում հյուրընկալվեցին նաև սիրիահայ երիտասարդներ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք նրանք շփոթված և ընկճվա՞ծ էին: Կ. Ավագյանը պատասխանեց. «Առանձին ծրագիր ունեինք և 150 սիրիահայ երիտասարդներ կարողացան մասնակցել հավաքին: Շփոթվածության մասին խոսակցություններն ուղղակի հորինածին են. երիտասարդները շատ ուրախ և ոգևորված էին, ուստի այն կարծիքը, որը փորձում են ձևավորել և ներկայացնել մեր հասարակությանը՝ հորինված է, քանի որ երիտասարդների մոտ մենք նման բան չզգացինք: Ընդհակառակը, նրանք շահագրգռված էին ծրագրի տևողության երկարացմամբ և այլն»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն էր երիտասարդների մասնակցությունը, և հիմնականում ո՞ր մրցույթներում էին նրանք ակտիվ: Կ. Ավագյանը պատասխանեց. «Տարբեր մարզեր ներկայացնող ուսանողները երաժշտական կամ պարային կրթություն չեն ստացել: Բայց մասնակցության չափն ու ձևն այնպիսին էր, որ կարծես պրոֆեսիոնալ լինեին, և անգամ Արամ Սաթյանի գլխավորությամբ և Զառա Տոնիկյանի ներկայությամբ պրոֆեսիոնալ ժյուրին դժվարությամբ ընտրեց լավագույնին»:
Մեր այն հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հաճախ է «Բազեն» քաղաքականացվում: Կ. Ավագյանը պատասխանոց. «Երիտասարդների ընտրության սկզբունքները երբեք չենք փոխվել, 10 տարի շարունակ անընդհատ փորձել են դրան քաղաքական աստառ տալ: Պիտակավորումը հիմնականում արվում է այն մարդկանց կողմից, ովքեր ամենայն համոզվածությամբ գիտեն, որ այնտեղ որևէ քաղաքական բան չկա, և գիտեն, թե ինչ փայլուն ծրագիր է Բազեն: Ցավոք ձևավորվում են մարդկանց խմբեր և այս ընթացքում կան մարդիկ որ չեն սիրում լավ բան: Ցանկացած լավ բան փորձում են այլ կերպ ներկայացնել, երևի իրենք էլ իրենց խնդիրներն են լուծում: Համենայնդեպս Բազե երիտասարդական հավաքը չի կարող քննադատության ենթարկվել, քանի որ այն 8000 երիտասարդները, ովքեր 10 տարիների ընթացքում անցել են Բազեով այն բոլոր հարցերի պատասխաններն են, որոնք հնչում են այդ քաղաքական ենթատեքստում: Ուստի բոլոր այդ մարդկանց հրավիրում եմ Բազե՝ մասնակցելու այն բոլոր մրցույթներին, որոնք Բազեում իրականացվում են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ