Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, խոսելով Օլիմպիական խաղերում իր սաների մրցելույթների մասին, ասաց. «Օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի լավագույններից լավագույնները, որոնք օլիմպիական ուղեգրերը նվաճում են վարկանիշային մրցաշարերում: Մենք ծրագրել էինք Լոնդոնում հանդես գալ վեց քաշային կարգերում, սակայն չստացվեց ու մասնակցեցինք չորս հոգով (մարզիչը նկատի ունի 55 կգ քաշային Ռոման Ամոյանին եւ 84 կգ քաշային Արթուր Շահինյանին: Ա. Հ.):
Լոնդոնում մասնակցությունը լավ ստացվեց: Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի պահով մեդալ պլանավորել էինք, ինչու չէ` նաեւ ոսկի: Երկուսն էլ ի վիճակի էին: Բայց օլիմպիական մրցագորգը ցույց տվեց, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ չհերիքեց: Այդուհանդերձ, բոլորս էլ գիտենք օլիմպիական մեդալի արժեքը: Ցանկացած երկիր երազում է օլիմպիական մեդալ ունենալ: Եվ միայն այն, որ 205 երկրից Լոնդոնում մեդալ ձեռք բերել կարողացավ միայն 60 երկիր, դա արդեն գնահատական է:
Մեդալի ակնկալիք ունեինք նաեւ Յուրի Պատրիկեեւից: Չստացվեց: Դա գոտեմարտերի հաջորդականության կարճ ընդմիջումների հետեւանք էր: Յուրան առաջն շրջանում հաղթեց շատ լուրջ մրցակցի` օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հասան Բարոեւին, որից հետո կարճ ժամանակահատվածում չհասցրեց լիարժեք ուժերը վերականգնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ