Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի համար հեշտ կլինի աշխատել քիչ քանակությամբ հայեր ունեցող Սիրիայի հետ. Վահրամ Տեր-Մաթևոսյան

Օգոստոս 20,2012 14:23

«Թուրքիան Սիրիա կներխուժի միայն այն պատրվակով, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևելքում կանխի քրդական բանվորական կուսակցության գործունեությունը: Այս նպատակով Թուրքիան կարող է աջակցել Սիրիայի ապստամբներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նա փաստեց, որ Թուրքիայի առջև ծառացած կարևոր խնդիրներից է քրդական հարցը. «Քրդերի և Թուրքիայի միջև անջրպետն ավելի է խորանում: Քրդական «Ժողովրդավարություն և խաղաղություն» կուսակցության 25 պատգամավոր և 400 անդամ դեռևս ազատազրկման մեջ են, ինչպես նաև` կալանավորված է 700 ուսանող և 100-ից ավելի լրագրող, ովքեր մեղադրվում են կուսակցության հետ համագործակցելու մեջ»:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն` եթե Սիրիան ինքնավարություն շնորհի քրդերին, Թուրքիան այն կընդունի որպես փաստ. «Սակայն իշխանությունները Էրդողանին մեղադրում են ոչ ճկուն քաղաքականություն վարելու մեջ, ինչը կարող է Թուրքիայում քրդական ինքավարության ստեղծման պատճառ հանդիսանալ»:

Բանախոսը հավելեց, որ Թուրքիան Սիրիայի Ազգային խորհուրդը ղեկավարելու լծակներ չունի` չնայած այն հանգամանքին, որ խորհրդի ղեկավարն ազգությամբ քուրդ է:

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքին` Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ վերջինս լուրջ խնդրի առաջ է կանգնած. «Թուրքիան պաշտոնական հայտարարություն չի արել հայ համայնքի մասին, բայց Թուրքիայի համար ավելի հեշտ կլիներ աշխատել քիչ քանակությամբ հայեր ունեցող Սիրիայի հետ»:

Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով, Թուրքիայի իշխող կուսակցության մի թևը հակված է կարծելու, որ չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները խարան են Թուրքիայի ճակատին, եւ պետք է բացել հայ-թուրքական սահմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031