Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Կապանում

Օգոստոս 20,2012 13:55

Այսօր վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել:

Քաղաքի կենտրոնով հոսող գետի գույնը պղտոր կաթնագույն տեսք է ստացել, որից սուր հոտ է փչում, անցորդներն հոտից ու գետից անդրադարձող ճառագայթներից խուճապահար արագ փոխում են մայթը եւ այլ ուղղությամբ շարունակում ճանապարհը: Բնակիչներն ասում են, որ գետը նախորդ տարիներին էլ էր գունափոխվել կոմբինատի վթարներից հետո, բայց նման աղետալի տեսքով առաջին անգամ են տեսնում, ինչը ցավալի փաստ է ու վտանգավոր բնակչության առողջության համար:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում, եւ մոտ 15-20 րոպե տեւողությամբ պոչատարի խողովակաշարի միացման կարի վրա առաջացած ճեղքի հետեւանքով՝ կոնցետրատը լցվել է Ողջի գետ:

Վթարն արդեն վերականգվել է եւ տվյալ հատվածում կատարվում են մաքրման աշխատանքներ: «ԶՊՄԿ-ին պատկանող թափուկատարի առաջին դյուկերի խողովակաշարի միացման կարի հատվածից ճեղք էր առաջացել, 15-20 րոպե է ընդհանուր տեւել թափոնաջրերի հոսքը, որից հետո պահուստային խողովակաշարով փոխել են այն: Գեղիի առվակի մեջ թափված պոչատարի պարունակությունն էլ առվակի միջոցով լցվել է Ողջի գետը: Քանի որ գետի ջրերը ներկա դրությամբ բարակ են, դրա համար էլ ինքնամաքրումը դանդաղ է ընթանում, բացի այդ, վերեւում մաքրման աշխատանքներ են իրականացվում, որի հետեւանքով էլ այդ ջրերի հոսքը դեռ շարունակվում է: Մենք եղել ենք տեղում, մեր լաբորատորիայից նմուշարկում են վերցրել եւ ուղարկել անալիզի, որի արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից»,- ասում է պարոն Պետրոսյանը:

Առավոտյան ժամը 6-ի սահմաններում տեղի ունեցած վթարից հետո՝ Կապանի կենտրոնով անցնող Ողջի գետի միջով դեռ ժամը 13-ի սահմաններում շարունակում է կոնցետրատ հոսել:

Կապանի հասարակական կազմակերպությունները ահազանգում են դեպքի մասին եւ իրենց մտահոգությունը հայտնում, քանի որ վթարներից հետո ոչ մի անգամ կոմբինատը Ողջի գետում մաքրման աշխատանքներ չի իրականացնում, իսկ կոնցետրատը նստվածք է տալիս գետի եւ ափամերձ հատվածներում, որն էլ չորանալուց հետո դեռ շարունակում է վտանգ ներկայացնել ու քամու միջոցով փոշին տարածվել քաղաքում:

Կապանցիները նկատել են, որ ամեն անգամ գետի նման պղտորումից հետո բնակիչներից շատերի մոտ գլխացավ է զգացվում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031