Այսօր` «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձավ Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումներին:
Բանախոսը հայտնեց, որ Թուրքիայի իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանգնած է արմատական փոփոխությունների առաջ: Սեպտեմբերի 30-ին կայանալու է կուսակցության 4-րդ համագումարը: «Այն պատմական է համարվելու, քանի որ կուսակցության կանոնադրությունը սահմանափակումներ է դնում իր թեկնածուի և պատգամավորների առաջադրման վրա: Այսպիսով` Էրդողանը կարող է նախագահ ընտրվել վերջին անգամ, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի կուսակցության ներսում: Բացի այդ, կուսակցության ավելի քան յոթ տասնյակ պատգամավոր այլևս չի կարող առաջադրվել 2015թ-ին կայանալիք ընտրություններում»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նա նշեց, որ վերոհիշյալ գործող պատգամավորների և նախարարների շրջանում դժգոհություն է առաջացել: Կարծիք կա, որ նրանց մանդատներից զրկելով` Էրդողանը «քաղաքական էքսպերիմենտ» է ցանկանում իրականացնել` երաշխիք չունենալով Թուրքիայի ապագայի հարցում: Նշենք, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործող պատգամավորներին առաջարկել է դառնալ համայնքապետեր, կամ վայր դնել պատգամավորական մանդատները:
Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ Թուրքիայի նոր Սահմանադրության մշակման համար այս տարվա մայիսից աշխատում է սահմանադրական համաձայնեցման հանձնաժողովը. «Էրդողանը ցանկանում է անցնել նախագահական համակարգի, ինչը կտապալի հանձնաժողովի աշխատանքը: Հիշենք, որ Թուրքիայի հայերը փաստաթղթեր չունեն, իսկ հանձնաժողովի անդամները խոստացել են նոր Սահմանադրության մեջ հայկական համայնքն ամրագրել որպես ազգային փոքրամասնություն` տալով նրանց համապատասխան իրավունքներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ