Այսօր առավոտյան ժամը 9-ից նախագահի նստավայրի առջեւ անժամկետ հացադուլի նստած Դավիթ Ծաղիկյանը 4 տարի է պայքարում է` ապացուցելու, որ Լեւ Եսոյանն իր որդին է: Սակայն Դավիթի պայքարի միջոցներն իրավական ճանապարհով որեւէ արդյունք չեն տվել, եւ ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթ Ծաղիկյանն, ինքն այսօրվանից հացադուլ է հայտարարում, այնքան ժամանակ, մինչեւ որ հանրապետության նախագահը չլուծի այդ հարցը:
Կես ժամ անց նախագահականի նամակների բաժնից Դավիթին ընդունեցին, սակայն, մոտ 40 րոպե այնտեղ մնալուց հետո Դավիթը մեզ հայտնեց, որ նրան որեւէ էական պատասխան չեն տվել` առաջարկելով դիմում գրել: «Էս 4 տարի է՝ դիմում եմ գրում: ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, բայց ոչ մի բանի չեմ հասնում: Երեխայիս պապիկը` Լեւ Եսոյանը, որը ՀՀ ոստիկանության գնդապետ է, իր մտերիմ ոստիկանների միջոցով իմ գլխին ինչ ասես որ չի սարքել, քրեական գործ է հարուցել: Երեխայիս ախրանայով էր ման տալիս, որ մոտ չգնամ, մանկապարտեզ ախրանայով էին տանում բերում: Մի անգամ այդ ախրանայի ոստիկաններն ինձ ծեծի ենթարկեցին, մարմնական ծանր վնասվածքներ պատճառեցին, բայց ոչ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց: Նոր Նորքի ոստիկանության բաժնի ոստիկան Կոստյա Սարգսյանը սպառնում էր, ահաբեկում` ասելով գնա այդ երեխան քոնը չէ, քանի որ ոչ մի փաստաթուղթ չկա: Երեխայիս հետ շփվելու, տեսակցվելու համար դիմեցի դատարան`խնդրելով`օր ու ժամ նշանակել, բայց երեխայիս պապիկը դատարանում հայտարարեց, որ երեխան Դավիթից, այսինքն` ինձնից չի սերված եւ մի քիչ սպասեք, երեխայի իսկական հայրը կգա կասի ով է: Անցան տարիներ երեխայի հայրն այդպես էլ չեկավ: Եվ կեղծիքների միջոցով հասան նրան, որ այսօր երեխայիս որդեգրել է պապիկը»,-ասաց Դավիթ Ծաղիկյանը:
Ի դեպ, երբ Դավիթը ներկայացնում էր իր խնդիրը, 3-4 ոստիկան հեռախոսներով ու ֆոտոխցիկով ձայնագրում էին:
Դավիթի ներկայացմամբ, 2008 թվականին ընտանեկան անախորժությունների պատճառով կնոջից բաժանվել է եւ այդ օրվանից ի վեր հորն արգելել են ընդհանրապես շփվել երեխայի հետ: Դավիթի տղան` Լեւն արդեն 6 տարեկան է: Դավիթի խոսքերով. «Երեխան ծնվելուց երեխայի մորական պապը` Լեւ Եսոյանը վատառողջ էր եւ ինձ խնդրեց, որ եթե տղա ծնվի, իր անուն ազգանունը տալ երեխայիս: Ասեցի խնդիր, չկա, բայց հայրանունն իմը մնաց: Երկու տարի նորմալ, ընտանեկան մթնոլորտ էր, բայց բաժանվելուց հետո պապը հայտարարեց, որ երեխայիս խլում է»:
Դավիթի գործն անցել է դատական երեք ատյաններով: Վճռաբեկ դատարանը գործը կրկին հետ է ուղարկել` այն համարելով անարժանահավատ: Ավան-Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը, որը վարել է Դավիթի գործը՝ դեռեւս առաջին դատավարության ժամանակ, երեխայի իսկական հորը պարզելու համար, դատագենետիկական փորձաքննություն է նշանակել, որը պետք է արվեր թքի, մազի կամ քրտինքի միջոցով, սակայն, Դավիթ Ծաղիկյանի խոսքերով, փորձագետն այն արել է արյան միջոցով. «Ո՞վ է տեսել, որ փորձագետն ինքնակամ որոշում կայացնի ու դատարանի որոշմանը հակառակ գործունեություն ծավալի: Էլ չեմ խոսում նրա մասին, որ ինձնից որեւէ մեկը արյուն չի վերցրել, իսկ փաստաթղթերում կեղծվել է, թե ես արյուն եմ տվել:
Երբ մեզ կանչեցին փորձաքննության, երեխայիս «ախրանայով» էին բերել, մոտեցա որ շփվեմ, ինձ փորձաքննության կենտրոնից ուղղակի դուրս արեցին:
Կարդացեք նաև
Երկու ամիս հետո դատարանում նկարված բերում են մի եզրակացություն, իբր ինձնից արյուն են վերցրել, բայց մինչ օրս չկա արյուն հանձնելու իմ համաձայնությունը, չկա իմ ստորագրությունը, չկա ընթերականների ստորագրությունը:
4 տարի է գլխավոր դատախազից պահանջում եմ քննել գործը: Քննիչը ասում է, որ փորձագետն ասել է, թե ինձնից արյուն է վերցրել, բայց ոչ մի հիմնավորում չունի, ուստի համարում են, որ փորձագետի արարքում հանցակազմ չկա: Դատավորները կողմնակալ դատավարություն էին անում, իմ միջնորդությունները մերժում էին:
Գործի մեջ գտա պաշտոնական փաստաթուղթ, որը կեղծ էր, Վիզաների վարչությունն ապացուցեց, որ այն կեղծ է: Համատիրության նախագահի կնիքով մի թուղթ էին բերել, թե իբր ես ընդհանրապես չեմ ապրել նրանց հետ , իմ երեխային ընդհանրապես չեմ տեսել ու գրված էր մարդկանց անուններ, անձնագրի կեղծ տվյալներ, որոնք ապացուցվեցին, որ կեղծ են: Գտա այդ մարդկանց, որոնք եկան դատարան որպեսզի ասեն, որ իրենք ոչ մի ստորագրություն չեն տվել, եկան դատարան, դատարանը չընդունեց ու չլսեց նրանց: Իրական հարեւանները գրել են ստորագրել, որ Դավիթը պահել է այդ երեխային, որ իրենք որպես հայր ինձ են ճանաչում:
Հիմի էլ դատարանը նույն փորձագետի մոտ է փորձաքննությունը նշանակել, նրանց`որոնք կեղծել են առաջին անգամ: Ես հրաժարվել եմ նրա մոտ գնալուց»:
Դավիթը ՀՀ ոստիկանապետից ու գլխավոր դատախազից երաշխիքներ է պահանջում, որ շփվի իր երեխայի հետ ու մորական պապը խնդիրներ չառաջացնի նրա համար. «Հիմի, երբ երեխայիս որդեգրել է ու իրենով արել, եթե մոտենամ, կդիտեն առեւանգում»: Իսկ ՀՀ նախագահին խնդրում է իր հարազատ երեխային իրեն տան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ