Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոս էր Ճուտը

Օգոստոս 20,2012 11:46

Ընդհանրապես մահերը թեւաթափ են անում:
Նույնիսկ փառահեղ ու երկար, երկար ապրած կյանքի մահերը:
Նույնիսկ էն մահերը, երբ մահացողի կյանքն էդ մահով ավարտվում է:
Էլ ուր մնաց, երբ մահն անժամանակ է:

Երբ դավադիր է, կույր, երբ հարվածում է թիկունքից:
Էլ ուր մնաց, երբ ապրածդ կարճ կյանքն էլ շատ ավելին է, քան շատ շատերի երկար ու երկար քարշ եկած կյանքը:
Մահերը թեւաթափ են անում, որովհետեւ ամեն մարդ անփոխարինելի է:
Մարդն իր տեսակով տեղ է անում, ու երբ գնում է, այդ տեղը մնում է:
Այդ տեղը չի լցվում:
Նույնիսկ անկյանք ապրածի տեղն է մնում, էլ ուր մնաց կյանքով ապրածինդ:
Ինքը կյանքով ապրած տղա էր:
Ինքը տղա էր:
Ինքը գնահատել գիտեր:
Ինքն ընկեր էր:
Ինքը հատուցել գիտեր:
Ինքը գիտեր տալ:
Ինքն ապրել էր նվիրումով ու ինքը չէր դավաճանել: Իրեն` դավաճանել էին:
Ինքը ստորություն չէր արել: Իր հանդեպ`արել էին:
Ինքը չէր ուրացել: Իրեն` ուրացել էին:
Ինքն էս երկիրը սիրող տեսակ էր ու էս երկիրը սիրող տեսակներին սիրող տեսակ: Ինքն էս երկիրը ստեղծողներից էր, բայց`չարքաշ ստեղծողներից:
Ինքն անհանգիստ էր:
Ինքն իր տեղը գիտեր:
Իր իմացածի չափը գիտեր:
Աչքը ճանապարհին էր:
Ինքը վերադարձերի էր սպասում:
Ափսոս, որ չհամբերեց:
Ափսոս, որ նյարդը նորից դրեց քաղաքականություն կոչվող ախտի զարկերակին:
Ափսոս, որ խռովվեց, մռայլվեց, խոժոռվեց ու չխաղաղվեց:
Ափսոս, որ ընտանիքին, մտերիմներին ու մերձավորներին շատ ավելի քիչ տվեց, քան մնացածներիս:
Համոզված էր, որ մենք մի օր մենք ենք լինելու:
Համոզված էր, որ թացն ու չորը մի օր իրարից ջոկելու ենք:
Ափսոս, որ չհամբերեց:
Ճուտի տեղը հերթական բաց խոռոչն է լինելու ապրողներիս հիշողության մեջ:
Ափսոս էր Ճուտը…
Ուղղամիտ, պարզ, անկեղծ, ճակատին ասող, դավադրություն չհանդուրժող, խարդավանք ատող Ճուտը…
Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031