ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի վիճակը նույնն է: «Վիճակը ծայրահեղ ծանր է դրական դինամիկա չկա»,- Tert.am-ի հետ հեռախոսով հակիրճ պատասխանեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Վիգեն Մալյանը՝ հրաժարվելով ընդունել և այլ մանրամասներ հայտնել Tert.am-ի թղթակցին:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ էին հավաքված Դիանայի հարազատները, ընտանիքի ընկերներն ու նաև Դիանայի դասընկերուհիները: Նրանք նույնպես շատ տեղեկություն չունեին: «Առավոտվանից ասում են վիճակը կայուն ծանր է ու վերջ»,- դժգոհեց Սուրեն Սիրունյանի ընկերներից մեկը, ով ներկայանալ չցանկացավ:
Հարազատներից մեկ ուրիշը, ով նույնպես չներկայացավ, նշեց, որ առավոտյան արյան անհրաժեշտություն կար, սակայն շատ արագ հարցը լուծել են և այս պահին այլևս ոչ մի բանի կարիք չկա: Ըստ նրա, իրենք իմացել են, թե Դիանային այսօր վիրահատել են, բայց պարզվել էր, որ այդքան երկար ժամանակ ուղղակի կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում: Վերջում նա հավելեց, որ Դիանային ամենայն հավանականությամբ վիրահատության կենթարկեն վաղը:
Հավաքվածներից մեկը, ով ամենայն հավանականությամբ հարազատներից էր, երբ տեղեկացավ որ լրագրող ենք, ոչ միայն հրաժարվեց հարցերին պատասխանել, այլև հանդիմանեց՝ նշելով, որ Աստծո կամոք Դիանան ապաքինվի, լրատվամիջոցներից մի քանիսին դատի են տալու՝ կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Առանց անուններ նշելու՝ նա ասաց, որ որոշ կայքեր գրել էին, թե իբր Դիանան հոր մահվան լուրն առնելուն պես ինքնասպան է եղել և տեղում մահացել: