Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր տոնավաճառ: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Այն երկրորդն է մայրաքաղաքում` Կասյան փողոցին հարող տարածքում գործող գյուղատնտեսական մթերքների առաջին շուկայից հետո, որը գոհունակությամբ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչների կողմից: Բերքահավաքի եռուն շրջանում նման տոնավաճառի բացումն անչափ կարևոր է գյուղացիների աճեցրած բերքի վաճառքի կազմակերպման համար:
Նախարարն ու քաղաքապետը շրջեցին տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե’ վաճառողները, թե’ գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի, և, անհրաժեշտության դեպքում, ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Տոնավաճառի առաջին օրվա վաճառքին իրենց արտադրանքն էին ներկայացրել 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Շուկան բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:
Կարդացեք նաև
Այստեղ, ինչպես և առաջին տոնավաճառում, բացառվում են վերավաճառքի դեպքերը: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվելու է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք պետք է հավաստեն վաճառքի ներկայացվող ապրանքի պատկանելիությունը տվյալ մասնակցին: Տոնավաճառի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում մշտապես վերահսկողություն է իրականացվելու: