Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի եւ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաները մեկ հարկի տակ են հանգստանում

Օգոստոս 19,2012 11:39

Այսուհետ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ամառային ներառական ճամբարներում իրենց հանգիստը վայելող հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող երեխաներին սեփական հարկի տակ կընդունի:

Հնարավորությունն իրականություն է դարձրել ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինությունը`բանկին պատկանող Ստեփանավանի մերձակա «Էլեն» պանսիոնատի տարածքը նվիրաբերելով հասարակական կազմակերպությանը:

«Այս երեւույթը հիրավի շատ ունիկալ է հայ իրականության մեջ, որովհետեւ շատ ընկերություններ սոցիալական պատասխանատվության կոմպոնենտ ունեն, բայց, համենայն դեպս, ես ականատես չեմ եղել անշարժ գույքի նվիրատվության երեւույթի: Սա, իհարկե, բացառիկ ռեսուրս է, եւ շատ պետքական մեր կազմակերպության համար»,-իր շնորհակալական խոսքում նշեց «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը:

Նրա խոսքերով` մանավանդ վերջին տարիներին նման ճամբարների արդյունավետությունը առավել զգալի է դարձել. «Ճամբարների արդյունավետությունը մի այլ մակարդակի է, մանավանդ վերջին տարիներին, որովհետեւ գրեթե նվազել է եւ գրեթե չկա պետական առողջարանային բուժումը` կապված հայտնի ճգնաժամի հետ, արդյունքում երեխաների առողջարանային բուժումն ու ամառային հանգիստը կարծես թե բաց է մնում»:

Ներառական ճամբարում իրենց ակտիվ հանգիստը վայելող հաշմանդամություն ունեցող եւ չունեցող Գեղարքունիքի ու Լոռու մարզի 39 երեխաներ մեկ շաբաթ կշփվեն միմյանց հետ, կընկերանան, ինչպես նաեւ ձեռք կբերեն կիրառական հմտություններ:

«Ներառական ճամբարը մի վայր է, որտեղ միմյանց հետ հանգստանում, շփվում եւ զրուցում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաները: Իսկ միմյանց հետ շփվելով նրանց մեջ արմատավորվում է այն գաղափարը, որ բոլորը հավասար են եւ ունեն հավասար իրավունքներ, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ»,-ասում է ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը:

ՎՏԲ -Հայաստան բանկը պանսիոնատը «Լիարժեք կյանքին» նվիրաբերելով չի սահմանափակվելու՝ ճամբարի բարեկարգման աշխատանքներին էլ է մասնակից դառնալու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևը` հույս հայտնելով, որ դեռ երկար տարիներ տարածքը կծառայի իր նպատակին:

«Մենք ուրախությամբ ենք հանձնում «Էլեն» հանգստյան տան տարածքը « Լիարժեք Կյանք » ՀԿ-ին և հուսով ենք, որ այստեղ կկազմակերպվեն ամառային ճամբարներ ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաների համար : Մենք հույս ունենք, որ այս ճամբարը հաշմանդամություն ունեցող երեխաներին կօգնի լիարժեք հանգստանալ»,- նշեց նա:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի համոզմամբ սա առաջին դեպքն է, երբ այլ մարզերից Լոռի են այցելում երեխաներ` միմյանց հետ մի հարկի տակ անցկացնելու ամառային հանգիստը:

«Այսօր մեր մարզերի միջեւ համագործակցության աստիճանը շատ ցածր է, եւ սա առաջին դեպքն է, որ այլ մարզերից մեր մարզում հավաքվում են երեխաներ եւ միասին անց են կացնում իրենց ամառային հանգիստը: Սա մեր մարզում աննախադեպ է»:

Լոռու մարզպետարանի տվյալներով` ներկայումս մարզում ապրում է հաշմանադամություն ունեցող 719 երեխա, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 350 երեխա էլ հաշվառված են Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031