Սկիզբը կարդացեք այստեղ:
Արդարություն նշանակում է անձի կատարած հանցագործության եւ դրա համար պատիժ, որը նա քավելու է` մինչեւ համաչափություն: ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ մեղադրող դատավճռում հիշյալ բանաձեւը ակնհայտորեն խախտվել է եւ ընդունվել խիստ պատիժ:
Ես կողմնակից եմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ոտնձգությունները խիստ պատժելուն, իհարկե, երբ դեպքը իրականում տեղի է ունեցել: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ երիտասարդների նկատմամբ քրեական գործը ի սկզբանե մաքուր չէ՝ նախ, քաղաքական հենք ունի, երկրորդը՝ ուժայինները տեւական եւ շարունակ հետամտել ու հալածել են նրանց, եւ այդ պարագայում նկատելի է քաղաքական եւ վրիժառության շարժառիթները: Հիշեցնենք, որ երիտասարդների նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում էին սկսել նաեւ Ազատության հրապարակում հավաքներն արգելելու դեմ քաղաքական բողոքի առնչությամբ, 2010թ. մայիսի 31-ի միջադեպով (առանց իրավական հիմքերի Դավիթ Քիրամիջյանին դատապարտել են խուլիգանություն կատարելու համար, իսկ լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար): Ոստիկանության հետ մեկ այլ միջադեպով Տիգրան Առաքելյանին 2009թ. կալանել են եւ, երկարատեւ պահելով անազատության մեջ, հարկադրված մեղադրանքը դադարեցրել են՝ արդարացնող հիմքով: Քաղաքական շարժառիթներով երիտասարդներին տարբեր ժամանակ ենթարկել են նաեւ վարչական պատասխանատվության:
Իմ համոզմունքով՝ երիտասարդներին վերագրված մեղադրանքները եւ դատարանում հետազոտված ապացույցներն իրար չեն բռնում, կապ չկա, ինչը դիտարկենք ըստ մեղադրանքների.
1. Խուլիգանություն, որը կատարվել է խմբի կամ կազմակերպված խմբի կողմից (258 հոդված, 3-րդ մաս, 1-ին կետ), խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (258 հոդված, 3-րդ մաս, 2-րդ կետ):
Խուլիգանության հանցագործության օբյեկտը հասարակության անվտանգության մաս կազմող հասարակական կարգն է: Դա մարդկանց միջեւ հարաբերությունների սիստեմ է՝ նորմատիվ ակտերով, բարոյական եւ սովորութային նորմերով սահմանված հասարակությունում վարքագծի կանոնների միագումարելիություն, ինչը ապահովում է տարբեր սոցիալական ոլորտների անդորրը եւ պաշտպանվածությունը:
Այս հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններն են՝
ա) հասարակական կարգի կոպիտ խախտումը, ինչը նշանակում է հասարակությունում սահմանված կարգուկանոնի խախտման լրջություն եւ կարեւորություն:
բ) հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ինչը նշանակում է հանցավորի կամքի թելադրանքով հասարակական նորմերի եւ վարքագծի կանոնների դիտավորությամբ խախտում, որով հանցավորը իրեն հակադրում է շրջապատին եւ նրա նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք:
Խուլիգանությանը բնորոշ տարրերից է նաեւ հրապարակայնությունը, ինչը սովորաբար կատարվում է մարդկանց ներկայությամբ: Սուբյեկտի կողմից խուլիգանությունը կատարվում է մեղքի ուղղակի դիտավորությամբ:
Միջադեպի հակիրճ ֆաբուլան.
2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում շան դնչկալի հայտնի առիթով (կասկածելի) ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ ծագել է վեճ, այնուհետեւ վերաճել փոխադարձ բռնարարքի, որի ընթացքում ոստիկանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Ոստիկանները 7 ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Դեպքի կատարման հանգամանքները համադրելով դիտարկված հանցագործության կազմին, նկատվում է, որ երիտասարդների գործողություններում բացակայում է խուլիգանություն կատարելու դիտավորությունը (սուբյեկտիվ կողմը):
Ըստ էության, երիտասարդների ներքին հոգեբանական մղումը, այսինքն՝ շարժառիթը եւ հետագա հետեւանքներին հասնելու մղումը՝ նպատակը, եղել է շանը առանց դնչկալի զբոսանքի հանած անծանոթ քաղաքացուն, որին ոստիկանները դիտողություն են արել, սատարելը (ցանկացել են ցույց տալ, որ ՀԱԿ-ը հանձինս իրենց, պաշտպանում է քաղաքացիների շահերը):
Գործում ապացույցներ կան, որ վեճը սաստկացել եւ վերաճել է բռնարարքի, երբ ոստիկաններին հայտնի է դարձել, որ երիտասարդները ՀԱԿ-ի ակտիվիստներն են (լեւոնականներ): Դա վրիժառության եւ քաղաքական շարժառիթների ի հայտ գալն է, որը հանգեցրել է վտանգավոր հետեւանքների առաջացմանը: Ըստ էության, շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ (խախտումը լուրջ եւ էական չէ), բացի այդ, երիտասարդները չեն հակադրվել շրջապատին եւ անհարգալից վերաբերմունք չեն դրսեւորել նրանց նկատմամբ: Օրինակ, եթե երիտասարդները հասարակական վայրում տապալեին զանգվածային միջոցառում կամ շանը զբոսանքի հանած քաղաքացուն ծաղրուծանակեին եւ դիմադրեին ծառայական պարտականությունները կատարող ոստիկանին, ապա արարքը կճանաչվեր խուլիգանություն; ՙՀարսնաքարում՚ սպանված Վահե Ավետյանի մոմավառության արարողության ժամանակ, երբ օլիգարխ սեփականատերը ապտակել է իրավապաշտպան Ա.Վեզիրյանին, այդ պարագայում օլիգարխը կոպիտ կերպով խախտել է հասարակական նորմերն ու վարքագծի կանոնները, հակադրվել շրջապատին, իր անձնական շահերը վեր դասելով հանրային շահերից, հրապարակավ ցուցաբերել իր անպատժելիությունն ու ամենազորությունը (ավարտվել է ներողությամբ): Դե պատժի անխուսափելիությունը կիրառեք, տես՝ ՌԴ Գերագույն դատարանի պլենումի 27.01.99թ. ՙԽուլիգանության գործերով դատական պրակտիկայի մասին՚ որոշումը:
Խուլիգանությունը խմբի կամ կազմակերպված խմբի կողմից կատարելու փաստը ընդհանրապես տեղի չի ունեցել, քանզի երիտասարդներից 6-ը դեպքի վայր են գնացել վեճը ծագելուց հետո, տարբեր ժամանակ՝ առանց որեւէ պայմանավորվածության (քննարկվող միջադեպը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ խուլիգանություն չի կարող դիտվել: Արարքը հասարակական կարգի կոպիտ խախտում է ճանաչվում, երբ հանցավորը գործադրում է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկա, իսկ խուլիգանությունը համարվում է խմբի կամ կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե նախապես համաձայնություն են ունեցել (ՌԴ քրօրի 213 հոդված):
Մեր նորմը անհեթեթություն է, ցանկացած դեպքում անձի նկատմամբ ամեն մի բռնություն, սպառնալիք, առողջությանը վնաս պատճառելը, գույքը վնասելը կարող են խուլիգանություն սարքել (մի քանի հայհոյանք են ավելացնում եւ ստանում բանաձեւը), իսկ խմբի կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության պարագայում՝ նախնական համաձայնության հատկանիշը պարտադիր չէ (խմբի շառից հեռու մնալու համար վկաները փախչում են): հետաքրքիր է՝ ում է ձեռնտու այս խոտան նորմը:
2. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մաս:
Այս հանցագործության անմիջական օբյեկտը համարվում են իշխանության ներկայացուցչի կառավարչական գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, իսկ լրացուցիչ օբյեկտը իշխանության ներկայացուցչի եւ նրա մերձավորների առողջությունն է:
Նորմի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար (ծեծ, ֆիզիկական ցավ պատճառել եւ այլն), իսկ երկրորդ մասը որակյալ ձեւն է, երբ իշխանության ներկայացուցչին կամ նրա մերձավորի կյանքի եւ առողջության համար գործադրվում է վտանգավոր բռնություն (կյանքի համար վտանգավոր են համարվում, երբ իշխանության ներկայացուցչի առողջությանը պատճառվում է թեթեւ, միջին կամ ծանր վնաս):
Ինչպես հայտնի է, միջադեպում ոստիկանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ պատճառողը ճանաճչվել է Տիգրան Առաքելյանը:
Անկախ այն բանից՝ վնասվածքը դիտավորությամբ է պատճառվել, թե անզգուշությամբ, այդ կատեգորիայի գործերով հանգամանքների համակողմանի գնահատմամբ պետք է պարզաբանել իշխանության ներկայացուցչի գործողությունների համաչափության խնդիրը: Դատական պրակտիկայում, եթե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել նրա ակնհայտ անօրինական գործողությունների գրգռումից (ռեակցիայից), ապա քննարկվող հանցագործության կազմը բացակայում է, եւ կարելի է արարքը որակել ըստ հետեւանքի՝ անձի դեմ ուղղված հանցագործություն:
Չափազանց կարեւոր հիշյալ հանգամանքը գործով պարզաբանված չէ, իսկ երիտասարդներն ի սկզբանե պատճառաբանել են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց նկատմամբ գործադրել են բռնություններ: Քրօրի 17 հոդվածի համաձայն, պահանջվում է, որպեսզի պարզաբանվեն ինչպես կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հավաստող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մոսկվա, իրավաբան
«Առավոտ» օրաթերթ