Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգի մասին կառավարության որոշման մեջ հուլիսի 26-ին ընդունված` Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները:
Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ ու միայն հրավերի հիման վրա, և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք այսուհետ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում:
Նրանք սահմանային անցման կետերում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական կամ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:
Նշենք, որ այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձինք, որոնք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա, ընդգրկված են 64 պետություններ: Դրանց թվում են Սիրիան, Եգիպտոսը, Իրաքը, ևս մի շարք ասիական, ինչպեն նաև աֆրիկյան բոլոր երկրները:
«Փաստինֆո»