Ուրիշի փողերը հաշվելը լավ զբաղմունք չէ: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մեր մարզիկներն ու նրանց մարզիչներն ընդհանուր առմամբ ի՞նչ պարգեւատրումների կարժանանան: Պետբյուջեից եւ Ազգային օլիմպիական կոմիտեից ստանալիք գումարները սահմանված են. արծաթե մեդալակիրը պետությունից` 15 միլիոն դրամ, գումարած դրա կրկնակին ՀԱՕԿ-ից, բրոնզե մեդալակիրները` 10-ական միլիոն պետությունից եւ կրկնակին էլ օլիմպիական կոմիտեից: Առայժմ միայն այսքանն է հայտնի:
Օրինակ, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, որ մինչեւ կառավարություն գալը զբաղվել է ծխախոտի արտահանությամբ, իր միջոցներով օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ծանրորդների համար Քիշնեւում երկու սենյականոց բնակարան է գնել: Ավելին, Եվրոպայի ամենաաղքատ երկրի կառավարությունը կարողացել է 560 հազար եվրո գտնել` խրախուսելու ինն այն մարզիկներին, նրանց մարզիչներին եւ մերսորդներին, որոնք, թեեւ մեդալակիր չեն դարձել, բայց իրենց մարզաձեւերում մտել են առաջին տասնյակ:
«Reuters» գործակալության տվյալներով` Մոլդովային երկու բրոնզ բերած ծանրորդներ Քրիստինա Իովան եւ Անատոլի Կիրիկը պարգեւատրվելու են նաեւ 80 հազար եվրոյով, իսկ վերոնշյալ ինը մարզիկները, մարզիչներն ու մերսորդները` կստանան 10-30 հազարական եվրո:
Հայաստանը Մոլդովայի նման աղքատ երկիր չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ