Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, միակս, Վարդան Ղուկասյանս…». Արձագանքներ Խոսրով Հարությունյանի հայտարարություններին

Օգոստոս 18,2012 16:20

«Չէ, չի շոյում, որովհետեւ Խոսրով Հարությունյանը «մարտի 1»-ից անմիջապես հետո հարմար գտավ Սերժ Սարգսյանի ստեղծած նախագահին կից հանրային խորհրդում աշխատել, որը ոչ մի առաջընթաց չկարողացավ բերել մեր երկրի զարգացմանը»,- «Առավոտի» հարցին՝ Ձեզ շոյո՞ւմ է նախկին վարչապետի դրվատանքի խոսքը, ասաց«Քաղաքը մերն է» նախաձեռնության համակարգող Լեւոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դրական էր համարել Գյումրիում «Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվությունը ՏԻՄ ընտրություններում: Նրա կարծիքով՝ ինչքան շատ քաղաքացիական կառույցներ ներգրավվեին հասարակական-քաղաքական կյանքում, այնքան դրական միջավայրում եւ որակյալ կլինեին նաեւ ընտրությունները:

Լեւոն Բարսեղյանին վրդովվեցնում է հատկապես այն, որ Հանրային խորհուրդն իր կարեւոր գործերից մեկը հռչակել է չափորոշիչներ, խարտիաներ գրելը՝ հեռարձակվող լրատվամիջոցների համար. «Մտան մի տեղ, որտեղ բացի լրատվամիջոցներից ոչ մեկն իրավունք չուներ մտնելու: Ես նման բաները չեմ մոռանում: Իրենք գտան, որ նախագահին կից հանրային խորհրդի անդամները պետք է ինքնակարգավորեն հեռուստառադիոհեռարձակման ոլորտը: Դրանից հետո եւ դրա համար որեւէ կերպ չեմ կարող շոյված լինել իր դրվատանքից: Մարդ է, իրավունք ունի կարծիք հայտնելու»:
Խոսրով Հարությունյանը նաեւ նորմալ էր համարել, որ Գյումրիում ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնը զիջել էր ԲՀԿ-ին. «Դա խելամիտ քաղաքական որոշում էր, քանի որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ԲՀԿ-ն էր հաղթել»: Լրագրողի հարցին՝ Վարդան Ղուկասյանը վա՞տ քաղաքապետ է, Խոսրով Հարությունյանը պատասխանել էր. «Վարդան Ղուկասյանը սպառել էր իր բոլոր ռեսուրսները»: Այս առիթով Խոսրով Հարությունյանին երեկ պատասխանել է Վարդան Ղուկասյանը: Քաղաքապետարանի լրատվական ծառայության անունից տարածված հայտարարության մեջ, մասնավորաբար, ասված է. «Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը: Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո ինչո՞ւ է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից: Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի է: Նրա ջանքերի շնորհիվ մարզում Հանրապետական կուսակցության անդամների թիվը եռապատկվեց: Իսկ 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով՝ 46126 ձայն: Այնպես, որ Խ. Հարությունյանը լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաեւ Վարդան Ղուկասյանի ունեցած եւ առկա ռեսուրսների շնորհիվ: Թող անհամեստություն չհամարվի, բայց Գյումրու քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ, եթե անգամ միավորվեին դիմության եւ ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր եւ աներկբա»:
Չնայած, որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ԲՀԿ-ն էր հաղթել, Խոսրով Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ նախագահական ընտրություններում Գյումրիում հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն, քանի որ գյումրեցիները նախագահական ընտրություններին մոտենում են «բոլորովին այլ չափանիշներով»: Հարցին՝ ի՞նչ չափանիշներով են գյումրեցիները մոտենում նախագահական ընտրություններին եւ ինչո՞վ է պայմանավորված գյումրեցիների սերն առ Սերժ Սարգսյան, Լեւոն Բարսեղյանը հակադարձեց. «Իմ կարծիքով, գյումրեցիները որեւէ սեր կամ հավերժ սեր չունեն առ Սերժ Սարգսյան: Իմ կարծիքը էապես տարբերվում է Խոսրով Հարությունյանի կարծիքից: Գյումրեցիները շատ լավ հասկանում են, որ ընտրությունների նախօրեին իշխանությունները՝ պետական, թե տեղական, միշտ ջանում են շահարկել գյումրեցիների կարիքավոր վիճակը: Կոնֆետներ են խոստանում, մի քանի նոր շենք, մի քանի նոր բնակարան, լավ կլինի, բանտիկ-ֆանտիկ, բացեմ-ծաղկեպսակ դնեմ՝ ամպլուայի մեջ: Գյումրեցիների մի մասն էլ խորամանկում է: Ասում են՝ «շնից մազ պոկելն էլ է բան». տղերք, մի քիչ սուս մնացեք, բերեն մի բան էլ շինեն՝ թողնեն էրթան: Այնպես չէ, որ Խոսրով Հարությունյանը շատ լավ գիտե գյումրեցիների տրամադրությունները»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031