6-ամյա Նարեկը պայքարում է նեյրոլեյկոզի դեմ, և Նարեկի վիրահատության համար գումար գտնելու հույսով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Բարեգործական «Դու հաստատ կապրես» երգի խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը: Երգի ստեղծմանն օգնել են Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ» ակումբը: «Դու հաստատ կապրես»-ը նվիրված է Նարեկին, բոլոր նրանց, ովքեր օգնում են եւ կօգնեն փրկել փոքրիկի կյանքը:
«Օգոստոսի 15-17-ը Արտեկում կայացած «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` ստանալով մրցույթի բյուրեղապակյա արձանիկը», – գրել է Bravo.am-ը, «Մեր տեղեկությունների համաձայն, մրցութային առաջին օրը, կատարելով «Listen» երգը, Սոնան ժյուրիի բոլոր անդամներից, բացառությամբ մեկի, ստացել է առավելագույն 11, իսկ մեկից` 10 միավոր: Երկրորդ օրը մեր ներկայացուցիչը կատարել է «Կարոտ» երգը եւ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել առավելագույն 11 միավորի»:
Իսկ մեծերի «Նոր ալիքը» նոր ալիքներ բերեց Սուրեն Առուստամյանի կյանքում. «Մեծ փորձ բերեց, նոր ծանոթություններ, առաջարկներ: Թե ինչքանով հետագայում դրանք կիրականացվեն, ժամանակը ցույց կտա: Բայց ամեն դեպքում նոր ալիքներ բերեց», – ասել է նա slaq.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում: Սուրենը խոսել է նաև իր անվան շուրջ պտտվող բամբասանքների մասին, ասելով. «Նորմալ եմ վերաբերվում բամբասանքներին: Դա մի բան է, որ միշտ էլ լինելու է կողքից: Պետք է պատրաստ լինես, որ դա միշտ էլ լավ կարծիքների հետ մեկտեղ լինելու է»:
Bravo.am-ը գրել է՝ «Օգոստոսի 16-ին Վրաստանում առաջին անգամ կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Նրա ելույթը նվիրված էր Ախալցխայի բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի հանդիսավոր վերաբացմանը: Pik.tv կայքը անդրադարձել է ֆրանսահայ շանսոնյեի ելույթին եւ տոնական միջոցառման բացմանը: Համալիրի վերակառուցման համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 15 միլիոն դոլար: Համալիրի ամֆիթատրոնում էլ կայացել է Ազնավուրի համերգը: Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ այստեղ տեղադրվել է Շարլ Ազնավուրի անունով աստղ»:
Աղջիկների կողմից սիրված մի դերասան էլ գտավ իր կեսին: Օգոստոսի 15-ին կայացել է Սամվել Թոփալյանի և ապագա կնոջ` Սոնա Դավթյանի նշանադրությունը: Սամվելի ապագա կինը մասնագիտությամբ սոցիոլոգ է: Դերասանը նշել է, որ սիրելիի հետ ծանոթ են հունվար ամսից:
Վերջերս նշանվել է նաև տղամարդկանց սիրելի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Դերասանուհու ընտրյալը Ջասթին Թերուն է: Ի դեպ, նշանադրությունը կայացել է հենց Թերուի ծննդյան օրը` Նյու Յորքի ամենահայտնի ռեստորաններից մեկում: Հիշեցնենք` Էնիսթոնն ու Թերուն հանդիպում են 2011 թվականի մայիսից:
Լեդի Գագան թողարկել է իր հինգերորդ եւ եզրափակիչ նորաձեւ ֆիլմը իր ամենահիթային երգերից մեկի` «You and I»-ի հիման վրա: 26-ամյա աստղը սկսել է թողարկել ֆիլմի մյուս հատվածները անցյալ տարվա սեպտեմբերից: Ֆիլմի հատվածներում գլխավոր դերը ստանձնում է տեսահոլովակում հինգ գլխավոր կերպարներից յուրաքանչյուրը:
Մոդել Իրինա Շեյքը որոշել է հանդես գալ նաև որպես հաղորդավարուհի. 26-ամյա մոդելը վարելու է «Ռուսական թոփ-մոդել հեռուսատշոուն»՝ փոխարինելով Քսենիա Սոբչակին:
Տիգրանուհի Թասլակյան