Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսաբոնցի երաժիշտները նախարարի չափ են ստանում

Օգոստոս 18,2012 15:32

Երեկ «Նարեկացի» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան) հիմնադրման 15-ամյակի առիթով Գրողների տան դահլիճում հանդես եկավ համերգով: Դիրիժորական վահանակի մոտ էր պորտուգալաբնակ Սամվել Բարսեղյանը, որին մասնագետներն ու երաժշտասեր հասարակությունը ճանաչում են որպես ալտահար: Փաստորեն, երեւանյան համերգով նա առաջին անգամ ներկայացավ իբրեւ դիրիժոր: Դեռեւս 1980-ականներին մասնագետների շրջանում հոլովվում էր երիտասարդ ալտահար Սամվել Բարսեղյան անունը՝ իբրեւ տաղանդավոր երաժշտի: Թեեւ նրան հայրենիքում 2011թ. հանդիպել ենք հյուրախաղերի ժամանած «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ որպես ալտահարների կոնցերտմայստեր, իսկ դրանից առաջ էլ՝ տարբեր կամերային անսամբլների կազմում, սակայն հայաստանցիներիս չէր վիճակված նրա՝ իբրեւ մենակատար ալտահարի աճը տեսնելն ու վայելելը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սամվել Բարսեղյանը պատմեց, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ 1990թ., աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը ժամանել էր Երեւան՝ Գերմանիայի Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցում ուսանելու նպատակով երաժիշտներ ընտրելու համար, եւ այդ բախտը վիճակված էր իրեն ու ջութակահար Եվա Ալեքսանդրյանին (պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի դասարան): Հենց Քաշքաշյանի դասարանում ուսանելուց հետո, 1995թ. ալտահարը պատիվ է ունենում կատարելագործվել իր պրոֆեսորի դասախոսի՝ անվանի Քերին Թեթըլիի ղեկավարությամբ: Եվ հենց այս շրջանում է, որ խորանում է հետաքրքրությունը դիրիժորական արվեստի նկատմամբ, եւ երաժիշտը դասեր է առնում անվանի Ռուդոլֆ Բարշայի մոտ, որին հաջորդում են վարպետության դասերը Լորենց Ֆոսթերի (ԱՄՆ), Յորմա Պանուլայի (Ֆինլանդիա), Ջիլբերտ Վարգայի (Հունաստան), Գենադի Ռոժդենստվենսկու (Ռուսաստան) մոտ: Հետո արդեն մեկնում է Բելգիա ու հրավիրվում Անտվերպենի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ իբրեւ ալտահարների կոնցերտմայստեր: 2008-ից մինչ օրս էլ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբի ալտահարների կոնցերտմայստերն է: Հենց 2008-ին էլ հիմնում է Լիսաբոնի կամերային նվագախումբը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք Պորտուգալիայի մշակութային կյանքի ու, մասնավորաբար, իր ղեկավարած նվագախմբի, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի մասին: «Պորտուգալիայում հայ համայնք՝ որպես այդպիսին, չկա. հայերիս թիվը շուրջ 100 է: Օրինակ, ի տարբերություն Երեւանի, Լիսաբոնում կազմակերպվող բազմազան մշակութային միջոցառումներն այնպես են պլանավորում, որ մեկը մյուսին չխանգարի: Ինչ վերաբերում է նվագախմբիս, մենք ունենում ենք շաբաթական երկու բեմել՝ չկրկնվող ծրագրով»,- հայտնեց երաժիշտը:
Հետաքրքրությանը, թե ինչ միջոցներով է գոյատեւում նվագախումբը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շուրջ 20 երաժիշտների 99 տոկոսը «Գյուլբենկյան» սիմֆոնիկից է, հովանավոր չունենք, աշխատավարձ՝ որպես այդպիսին, չենք ստանում, սակայն Եվրոպայում ամենախոշոր հիմնադրամներից «Գյուլբենկյանը» հոգում է այդ մասին: Մի խոսքով՝ երաժիշտներս վարձատրվում ենք նախարարի աշխատավարձին հավասար»:
Տեղեկացված լինելով հայաստանցի իր կոլեգաների վաստակից` դիրիժորը նշեց, որ, օրինակ, Լիսաբոնի օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտներն էլ արժանիորեն չեն վարձատրվում, բայց չեն էլ տրտնջում. «Նկատել եմ, հայաստանցի երաժիշտների մի զգալի մասի մոտ անհիմն ամբիցիաներ կան: Մի փոքր մասն է, որ ձգտում է սովորել, կատարելագործվել, իսկ ամենացավալին այն է, որ բոլորն՝ առանց բացառության, ուզում են հայտնվել եվրոպայում, հավանաբար մտածելով, որ այնտեղ ամեն ինչի կարելի է հեշտությամբ հասնել…»:
Սամվել Բարսեղյանն ասաց նաեւ, որ ինքն այս օրերին ցանկացել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարին. «Քանի որ Պորտուգալիայի եւ Հայաստանի միջեւ չկան մշակութային միջպետական կապեր, կարող էի միջնորդ լինել «Գյուլբենկյան» նվագախմբի մեծ բարեկամ, Պորտուգալիայի մշակույթի նախարար Թերեզա Գովեյանի եւ Հասմիկ Պողոսյանի միջեւ: Ցավում եմ, որ վաղը մեկնում եմ: Սեպտեմբերին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով մասնակցելու եմ ավանդական դարձած դասական երաժշտության երեւանյան միջազգային փառատոնին ու, կարծում եմ, գոնե այդ օրերին կհանդիպեմ տիկին Պողոսյանին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031